Օմբուդսմենն առաջարկներ է ներկայացրել ընտանեկան բռնությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով, հաղորդում են ՄԻՊ գրասենյակից:

Առաջարկությունների փաթեթը ներառում է օրենքի բարեփոխման տարբեր առաջարկներ, մասնավորապես՝ նախատեսել անչափահասներից բացատրություններ վերցնելու հատուկ կարգ, համաձայն որի` այն կարող է իրականացվել անչափահասի օրինական ներկայացուցչի ներկայությամբ` ոստիկանության անչափահասների գործերով համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կամ հոգեբանի/մանկավարժի պարտադիր ներկայությամբ` հաշվի առնելով, որ ընտանեկան բռնությունները  երեխայի վրա ունենում են ծանր և հոգեճնշող ազդեցություն:

Եվս մեկ կարևոր առաջարկություն էր «Թեժ գիծ» բառակապակցությունից առաջ ավելացնել «շուրջօրյա»  բառը՝ ելնելով  հնարավոր ընտանեկան զոհերի իրավունքների լիարժեք պաշտպանության նկատառումներից։ Սա հիմնավորվում է միջազգային փորձով, համաձայն որի` ընտանեկան բռնության կանխարգելման, անձանց պաշտպանության, նրանց հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով ստեղծված «Թեժ գիծ» ծառայությունները շուրջօրյա են։

Առաջարկվում է նախատեսել նաև, որ յուրաքանչյուր ահազանգ կամ բողոք ենթակա լինի անհապաղ ստուգման և/կամ քննարկման, որի արդյունքում կկայացվի ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցի կիրառման մասին որոշում:

Բացի այդ` առաջարկվում է  մշակել ընտանեկան բռնություններից պաշտպանության այնպիսի հատուկ մեխանիզմներ, որոնց արդյունքում կբացառվեն ընտանեկան բռնության զոհի կամ նրա երեխաների կրթության իրավունքի  հնարավոր սահմանափակումները: