Հայ-հունական հարաբերություններում կա չիրացված ներուժ. Տ.Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տաղիսին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Չնայած մեր համագործակցության և բարեկամության մեծ պատմությանը՝ դեռևս շատ աշխատանքներ ունենք կատարելու երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ հայ-հունական հարաբերություններում չիրացված ողջ ներուժն օգտագործելու համար»,- ասել է վարչապետը` շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:

Իոանիս Տաղիսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանաքերը՝ հայ-հունական հարաբերությունների հետագա ընդլայնման և ամրապնդման համար: Անդրադառնալով հաջողությամբ ընթացող Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին՝ դեսպանը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ Հունաստանը՝ որպես Եվրամիության անդամ երկիր, պատրաստ է իր համակողմանի աջակցությունը ցուցաբարել Հայաստանի իր գործընկերներին:

Զրուցակիցները քննարկել են նաև ռազմական, կրթական և մշակութային բնագավառներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Մեկնաբանել