ԱԱԾ պաշտոնյայի դատաքննությունը շարունակվում է

Դատական շրջապտույտից հետո Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քննվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի դեմ հարուցված գործը, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Ըստ մեղադրանքի` Արմեն Տեր-Մինասյանը նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ` Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Այսօրվա դատական նիստը տեղի չի ունեցել վկայի բացակայության պատճառով և հետաձգվել է մեկ շաբաթով:

Նույն դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2012թ. հունվարի 20-ի դատավճռով ամբաստանյալ Արմեն Տեր-Մինասյանին մեղավոր էր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով` գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.206.030 ՀՀ դրամ գումարից:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, մայիսի 21-ի որոշմամբ Ա.Տեր-Մինասյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարել էր մասնակիորեն. բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և քրեական գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Պաշտպանական կողմը միջնորդել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կարճել գործի վարույթն ամբողջությամբ:

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ մեղադրող Կ.Փիլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել էր։

Մեկնաբանել