Օբաման մտադիր է հարկային մուտքերը ավելացնել $1,6 տրլն-ով

Ուրբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսականների հետ բյուջետային բանակցությունների ընթացքում նրանց կառաջարկի բյուջե հարկային մուտքերը առաջիկա 10 տարում ավելացնել $1,6 տրլն-ով, որը շուրջ երկու անգամ գերազանցում է 2011թ. ամռանը բանակցությունների ընթացքում շրջանառվող $800 մլրդ-ը, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը :

Ըստ թերթի՝ նախագահի՝ փոխզիջումների գնալու պատրաստակամության վկայությունը սոցիալական տարբեր ծրագրերի, օրինակ Medicare-ի համար նախատեսված բյուջետային ծախսերի մակարդակի պահպանման մասին հայտարարություն է: Մյուս կողմից՝ սա չի բացառում այս ոլորտում ծախսերի կրճատումը, ինչին դեմ են Օբամայի կողմնակիցները: 

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բայների մամլո խոսնակ Քեյվին Սմիթը հայտարարել է, որ հարկերի բարձրացման մասին Օբամայի այս հայտարարությունն անընդունելի է: Նա միաժամանակ նշել է, որ Բայների՝ հարկադրույքների և սոցիալական ծրագրերի համար ծախսերի վերանայման մասին առաջարկությունը համապատասխանում են նախագահի՝ հավասարակշռված մոտեցման անհրաժշետության կոչին:  

Բայները չի նախանշել հարկերի բարձրացման հանրապետականների համար ընդունելի թիրախային ծավալը: Նա հայտարարել է, թե պատրաստ է ընդունել բյուջե հարկային մուտքերի, այլ ոչ հարկադրույքների բարձրացումը, եթե դեմոկրատները համաձայնեն վերանայել սոցիալական ծրագրերի համար նախատեսված ծախսերը:

Օբաման նախքան կոնգրեսականների հետ քննարկումը կհանդիպի նաև արհմիությունների ղեկավարների և այլ ակտիվիստների հետ: Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնիի խոսքով՝ օբաման կոնգրեսկաններին խիստ անսովոր լուծում կառաջարկի:

Հանրապետականները հարկերի բարձրացման վերաբերյալ իրենց պատրաստակամությունն արդեն հայտնել են՝ խուսափելու բյուջեի ծախսերի և հարկային արտոնությունների $607 մլրդ-ով ավտոմատ կրճատումից, ինչը տեղի կուենա 2013թ. հունվարին, եթե Օբամայի վարչակազմն ու Կոնգրեսը բյուջետային դեֆիցիտի կրճատման շուրջ փոխհամաձայնության չգան:

ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթների խոսքով՝բանակցություններում գլխավոր խնդիրը բարձր եկամուտ ունեցող ամերիկացիների համար հարկերի բարձրացումն է, քանի որ հարկային արտոնություննրի կրճատման միջոցով հնարավոր չէ բյուջետային մուտքերի բավարար ավելացում ապահովել:

 «Նախագահը մտադիր չէ երկարաձգել հարկային արտոնությունների ժամկետը ապահովված ամերիկացիների համար», -հայտարարել է Գայթները՝ իր աջակցությունը հայտնելով $200 հազ-ից ավելի եկամուտ ունեցող անձանց համար հարկային արտանությունների չեղյալ հայտարարմանը: