Պակիստանը համաձայնել է ազատ արձակել աֆղանցի տալիբներին

Պակիստանի իշխանությունները Իսլամաբադում բանակցությունների ընթացքում հայտարարել են, որ պատրաստ են ազատ արձակել մի քանի աֆղանցի տալիբ բանտարկյալների, հաղորդում է BBC-ն։

Աֆղանստանն այս քայլը գնահատում է՝ որպես «դրական ժեստ՝ ուղղված խաղաղության հասնելուն»։

Համաձայն աֆղանական աղբյուրների՝ մասնավորապես ազատ են արձակվելու տալիբների կառավարությունում նախկին արդարադատության նախարար Մուլլա Թուրաբին և հետախուզության երկու սպաներ։

Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը Իսլամաբադից, ըստ ամենայնի՝ տալիբների (որոնք պետք է ազատ արձակվեն) մեջ չէ Մուլլա Աբդուլ Ղանի Բարադարը, որը համարվում է Աֆղանստանում «Տալիբան» շարժման կարևորությամբ երկրորդ ֆիգուրը։

Չի բացառվում, սակայն, որ նրան ազատ արձակելու որոշման մասին հայտարարվի ավելի ուշ։

Պակիստանյան բանտերում գտնվող տալիբների ճակատագրի մասին բանակցությունների նպատակով օրերս Պակիստանի մայրաքաղաք էր ժամանել Աֆղանստանի Խաղաղության բարձր խորհրդի պատվիրակությունը։

Խորհրդի ներկայացուցիչները լիահույս են, որ տալիբները կվերադառնան տուն և կկարողանան իրենց զինակիցներին համոզել շարունակել խաղաղության շուրջ բանակցությունները Աֆղանստանի կառավարության հետ։

Քաղաքական համաձայնագիրը, որը ինչպես ակնկալվում է, կկնքվի տալիբների ու Աֆղանստանի իշխանությունների միջև, փորձագետների կողմից դիտարկվում է՝ որպես երկրում կայունության հաստատման առավել արդյունավետ ճանապարհ նախքան այն, երբ 2014թ․ Աֆղանստանից դուրս կբերվի ՆԱՏՕ-ի զորախմբի մեծ մասը։

Մեկնաբանել