Ծառուկյանը հորդորում է չշտապել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնել է Գյումրի: Ինչպես հաղորդում է Galatv.am-ը, քաղաքապետարանում տեղի ունեցած առանձնազրույցից հետո Ծառուկյանը նախ գնացել է Յոթ վերք եկեղեցի, ապա «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդես եկել ծավալուն ելույթով: 

ԲՀԿ առաջնորդի հաջորդ կանգառը եղել է Օլիմպիական հերթափոխի դպրոցը, որին կից կառուցվում է մարզադահլիճ: Ծառուկյանը հորդորել է շինարարներին արագ ավարտել շինաշխատանքները: Այստեղ նա պատասխանել է Galatv.am-ի լրագրողի հարցին, թե վերջապես ԲՀԿ-ն ինչ ֆորմատով է մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին: Ծառուկյանը հորդորել է ավելորդ շտապողականություն չցուցաբերել` շեշտելով, որ հիմա հանդիպումների, խորհրդակցությունների էտապում են, և որ գործընթացի ավարտից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

Օլիմպիական հերթափոխի դպրոցում ևս ԲՀԿ ակտիվի մասնակցությամբ Ծառուկյանն անցկացրել է փակ խորհրդակցություն: