Մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոնը

Համաեվրոպական հեռախոսամարաթոնը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը, այս տարի անցկացվելու է նոյեմբերի 15-18-ը։ Նվիրատվություններն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման ծրագրերին, ինչպես նաև սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը։

«Հայրենաշինությանը մասնակցելու կոչով» միջոցառման ընթացքում հանրությանը դիմելու են Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը և «Ֆրանս» հեռուստաընկերության սպորտային ծրագրերի տնօրեն Դանիել Բիլալյանը:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով՝ այս տարի ևս կարվի հնարավորը, որ դրամահավաքին նվիրաբերված գումարներով լուծվեն հայրենիքում դեռ առկա բազմաթիվ հիմնահարցերից ևս մի քանիսը: «Ցավոք այդ հարցերին գումարվեցին մեր սիրիահայ եղբայրների խնդիրները, որոնց լուծումը միասնական ջանքեր է պահանջում»,- ընդգծել է Թերզյանը:

«Հեռախոսազանգերը, որ հնչում են Սփյուռքի հայ ընտանիքներում և կազմակերպություններում, կարճ ժամանակ անց դառնում են դպրոց ու դասարան, ջրագիծ կամ հիվանդանոց հայրենիքում»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։

Եվրոպայում՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, հեռախոսամարաթոններ անցկացվում են սկսած 2000թ.։ Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է շուրջ 411,3 հազ. զանգ, 20,8 հազ. նվիրատուի կողմից նվիրաբերվել €9,938 մլն: Հավաքագրված գումարներն ուղղվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերին։