Աշխատավարձի այս փոփոխությունը ստորություն է իշխանությունների կողմից. ՊԵԿ նախկին ղեկավար

Այս խորհրդարանական մթնոլորտով հնարավոր չէ ինչ-որ բան փոխել. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում նշեց 1999-2000թթ ՊԵԿ նախարար Սմբատ Այվազյանը: «Միայն ընտրական օրենսգիրք փոխելով մթնոլորտ չես կարող փոխել: Իշխանությունն ունի բազմաթիվ այլ գործոններ ու լծակներ, որոնցով ոչ ընտրական մթնոլորտ է ստեղծում: Վարչապետը աշխատանքը տարիներ շարունակ ձախողել է, հիմա թաքնվում է համաշխարհային ճգնաժամի հետևում»,- նշեց նա:

Զուգահեռելով ՀԱԿ երիտասարդներին ոստիկաններին քաշքշելու համար 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու և Վարդան Ղուկասյանի որդուն ապօրինի զենք-զինամթերք կրելու, կրակելու և այլ մեղադրանքների առկայության պարագայում ազատ արձակելու դեպքերը՝ Այվազյանն ասաց. «Սրանով իշխանությունն ուզում է ասել՝ ես իմ որակներով չեմ փոխվելու. եթե որևէ դատավորի մի քիչ ազատ թողնեին ամենաշատը մի-վեց ամսվա ազատազրկում կտար. էդ էլ չթողեցին. մի՞թե ձեզ բավական չէր այն զրկանքները, որ կրեց այդ երիտասարդը: Իսկ Վարդանիկի տղուն բաց թողեցին, որովհետև քցեցին-բռնեցին-տեսան, որ Վարդանիկն էլի ծառայելու ա ռեժիմին. դրա համար էլ բաց թողեցին»:

Այս ընտրություններում ծեծն ու ջարդը պակասեց, որովհետև, ըստ նրա, առանց դրա էլ կարողացան «անել», եթե չկարողանային՝ նույն ծեծն ու ջարդը անպայման կլիներ: «Մեզ գցել են իշխանություն-փող շրջապտույտի մեջ ու տանում են,- ասաց նա:- Ծաղրը ժողովրդի նկատմամբ շարունակվում է: Աշխատավարձի այս փոփոխությունը ստորություն է իշխանությունների կողմից՝ կրկին քաղաքացուն ստիպում է քայլել կորացած ողնաշարով: Սրանք ասում են՝ մեր գրպաններում փող չկա. սուտ է, էդ փողը կա, ուղղակի իրենց գլուխներում խելք չկա, որ հասկանան, որ պիտի ժողովրդի համար աշխատեն ու էդ փողը կլինի: Մեր երկրում շնչին 100 հազարը խնդիր չի»:

Որպես ՊԵԿ-ի նախկին ղեկավար՝ նա նշեց. «Շատ դժվար է, որ մարդուն համոզես, որ փող տա. տա այն փողը, որ պարտավոր է տալ, բայց չի ուզում տալ, որովհետև տեսնում է, թե իր տված փողերն ինչպես են ծախսվում, իշխանավորներն ինչ դղյակներ են կառուցում: Այսպես այդ կառույցը՝ ՊԵԿ-ը, դառնում է ուղղակի հարկահավաք. մինչդեռ պիտի լիներ եկամուտների քաղաքականություն ձևավորող ու իրականացնող կառույց»:

Ս.Այվազյանը նշեց, որ առաջարկ է ենրկայացրել, որ սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիները լինեն պաշտպանական համակարգի մաս: Այսպես թե այնպես, ըստ նրա, սահմանամերձ իր հողատարածքը մշակող գյուղացին, ռմբակոծվող դպրոցի ուսուցիչները, բնակավայրի բոլոր բնակիչները պարբերաբար ենթարկվում են ռմբակոծման: «Պետք է կառուցել այդ բնակավայրերը և անհատույց տալ այնտեղ ապրել ցանկացողներին, պետք է մարդուն ապացուցել-համոզել, որ ինքն է իր երկրի տերն ու պաշտպանը, և պետք է հոգալ այս մարդկանց խնդիրների ամբողջ շղթան: Ո՞ւմ են պետք այդ կոպեկները, որ հավաքում են սահմանամերձ շրջաններից. ոչ մեկին ոչ մի բան չեն տալիս»,- հավաստեց նա:

Մեկնաբանել