Գերմանիան կրկնապատկում է Հայաստանի վերականգնվող էներգետիկային ուղղվող վարկային միջոցները

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և գերմանական KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտը երեկ ստորագրել են «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակում €40 մլն-ի վարկային պայմանագիր։ Այս միջոցներով նախատեսվում է ֆինանսավորել ևս 30-40 փոքր հիդրոէլեկտրակայանի նախագիծ:

Ծրագրի 3-րդ փուլի համար Գերմանիան նախատեսում է տրամադրել նաև դրամաշնորհային միջոցներ՝ ծրագրի տեխնիկական օժանդակությունն ապահովելու համար, ինչը կնպաստի Հայաստանում միջազգային ստանդարտներին մոտ կառուցվող հէկերի թվի ավելացմանը: Ըստ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի՝ KfW բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին, և բանկի հետ Հայաստանի համագործակցությունը կառուցողական բնույթ է կրում:

«Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրով €6 մլն-ի վարկային և €1,5 մլն-ի դրամաշնորհային պայմանագիրը KfW բանկը և Հայաստանի ԿԲ-ն ստորագրել են 2004թ. նոյեմբերի 24-ին։ Վարկային միջոցները KfW բանկի կողմից տրամադրվել են արտոնյալ պայմաններով: 2010թ. մայիսի 3-ին KfW բանկի հետ ստորագրվել է ծրագրի երկրորդ փուլի փաստաթուղթը, և հատկացվել են €18 մլն-ի վարկային և €1,5 մլն-ի դրամաշնորհային միջոցներ:

Այս ծրագրի նպատակը առևտրային բանկերի միջոցով Հայաստանում արդեն գործող փոքր հէկերի վերակառուցման և վերազինման, ինչպես նաև նոր կառուցվող հէկերի համար վարկերի տրամադրումն է՝ նպաստելով էլեկտրաէներգիայի արտադրման և մատակարարման բարելավմանը և տնտեսության հետագա զարգացմանը: Հէկերի վարկավորումն իրականացվում է 16 առևտրային բանկերի միջոցով, առավելագույնը 10,5% տարեկան տոկոսադրույքով, որից հետո վարկը ներկայացվում է Գերմանա-հայկական հիմնադրամ՝ վերաֆինանսավորման նպատակով: Գործընկեր բանկերի վերաֆինանսավորումը նույնպես իրականացվում է ՀՀ դրամով՝ մինչև 12 տարի ժամկետով։

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ ծրագրի դրամաշնորհի գումարն օգտագործվում է բացառապես մրցութային կարգով ընտրված ֆինանսական և տեխնիկական խորհրդատուների մատուցած ծառայությունները վճարելու նպատակով: «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակում վերաֆինանսավորվել է 26 փոքր հէկի նախագիծ, որոնց դրվածքային հզորությունը կազմում է 62,4 ՄՎտ:

Վերջին տարիներին Հայաստանում փոքր հէկերի շինարարությունը լայն թափ է հավաքել։ Եթե 2007թ. երկրում գործում էր ընդամենը 52 հէկ՝ 64 Մվտ դրվածքային հզորությամբ, որոնց բաժին էր ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդամենը 3,6%-ը, ապա այս տարի դրանց թիվն արդեն 108 է՝ 190,5 Մվտ դրվածքային հզորությամբ (բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 7%-ը)։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կանխատեսումներով՝ 2015թ. փոքր հէկերի թիվը երկրում կհասնի 207-ի։

Անկախ վերականգնվող էներգետիկայի նկատմամբ նման ուշադրությունից՝ փոքր հէկերը չեն կարող փոխարինել էլեկտրաէներգիայի արտադրության «ավանդական» կայաններին՝ ջէկերին, ատոմակայանին։ Այսօր ջէկերը և Մեծամորի ատոմակայանն ապահովում են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 70%-ը, որից շուրջ 40%-ը բաժին է ընկնում ատոմակայանին։

Ի դեպ՝ երեկ Երևանում մեկնարկել է Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի արդյունքներով նախատեսված է փոխհամագործակցության արձանագրության ստորագրում, որը հիմք կդառնա «ՀՀ կառավարության և Գերմանիայի միջև 2010-2011 թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի համար։ Այն նախատեսում է Հայաստանին €75 մլն վարկի և €4,5 մլն դրամաշնորհի տրամադրում, որի մեջ ներառված են նաև ԿԲ-ին տրամադրված €40 մլն-ի վարկային միջոցները: