Կառավարությունը զիջել է խաղային բիզնեսի պահանջներին

Խաղային բիզնեսը հնարավորություն կունենա ևս մեկ տարի գործունեություն ծավալել Երևանի մերձակայքում, ինչի դիմաց ստիպված կլինի բավական թանկ վճարել։ Երևանում մինչև 40 խաղասեղան շահագործող խաղատուն կազմակերպելու համար պետական տուրքը կարող է կազմել Դ2 մլրդ՝ ներկայիս Դ25 մլն-ի փոխարեն։

Այս տարվա սեպտեմբերի 26-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո համաձայնություն էր ձեռք բերվել, որ գործող խաղատների՝ Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր քաղաքներ տեղափոխելու ժամկետը կերկարաձգվի մեկ տարով՝ մինչև 2014թ. հունվարի 1։ Հաջորդ իսկ օրը կառավարությունը հավանություն էր տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, այն արդեն ընդգրկվել է Ազգային ժողովի նոյեմբերի 12-15-ի քառօրյայի օրակարգում։

Խաղային բիզնեսի ներկայացուցիչները օրենքի կիրարկման ժամկետը մեկ տարով հետաձգելու հիմնավորումում նշել էին, որ զգալի վնասներ են կրել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, ուստի չեն կարողացել իրականացնել խաղատները տեղափոխելու համապատասխան օրենքի պահանջը։

Ուշագրավ է, որ կառավարությունը օրենքի փոփոխության հիմնավորման մեջ նշել է, որ բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց հաղթահարումը խաղային բիզնեսի կազմակերպիչների կողմից այսօրվա պայմաններում անհնար է։

Առաջնային խնդիրների թվում նշվում է Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր քաղաքներում խաղային բիզնեսի կազմակերպման ու բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը, թերզարգացվածությունը, զբոսաշրջիկների ներգրավման հետ կապված գործնական բարդությունները, նոր վայրերում գործունեություն կազմակերպելու համար պահանջվող հսկայական ներդրումները։ Բացի այդ՝ Երևան քաղաքում կամ շրջակայքում գործելու է մեկ խոշոր խաղատուն, ինչը խոչընդոտելու է վերոնշյալ երեք քաղաքներ խաղացողների հոսքը։ Այս ամենը, ի վերջո, հանգեցնելու է ոլորտի մոնոպոլացմանը:

«Օրենքի պահանջներին համապատասխան գործունեություն ծավալելու անկարողության հետևանքով բազմաթիվ խաղատներ պարզապես կդադարեցնեն իրենց գործունեությունը, պետբյուջեն կկրի կորուստներ՝ տարեկան մոտավորապես Դ4-5 մլրդ-ի չափով, խաղային բիզնեսում ներգրավված աշխատողների թվաքանակը կկրճատվի մոտ 700-ով»,– նշված է հիմնավորման մեջ։

Օրենսդրական փոփոխությունը, ըստ որի՝ խաղային բիզնեսը պետք է տեղափոխվի վերոնշյալ երեք քաղաքներ, ընդունվել է 2010թ. ապրիլին։ Ի դեպ՝ այդ տարվանից կառավարությունը պարբերաբար հայտարարել է տնտեսության վերականգնման փուլի մասին։ Այս պայմաններում առնվազն տարօրինակ պիտի հնչի խաղային բիզնեսի կողմից ճգնաժամի վկայակոչումը։

Չի բացառվում՝ կառավարությունը գնացել է զիջումների խաղային բիզնեսի հովանավորների ճնշումների ներքո։ Մյուս կողմից՝ գործադիրը հայտնվել է ֆինանսական այնպիսի բարդ իրավիճակում, որ պատրաստ է տեղի տալ Դ4-5 մլրդ չկորցնելու համար։
Զիջումների դիմաց կառավարությունն այդուհանդերձ լուրջ փոխհատուցում է պահանջել։ Գործադիրը Ազգային ժողով է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ, որը շահումներով խաղերի կազմակերպման համար ոչ միայն առաջարկում է էապես բարձրացնել տուրքերը, այլև ներդնել սանդղակային համակարգ։

Եթե այսօր շահումներով խաղերի կազմակերպման համար տարեկան վճարվում է բազային տուրքի հինգհազարապատիկը, այսինքն՝ Դ5 մլն, ապա օրենքի փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է, որ Երևանում մինչև 100 խաղային մեքենա ունեցող խաղասրահները վճարեն Դ250 մլն, իսկ Երևանից դուրս՝ Դ150-50 մլն (կախված հեռավորությունից)։ Երևանում մինչև 40 խաղասեղան շահագործող խաղատուն կազմակերպելու համար առաջարկվում է սահմանել տուրք Դ2 մլրդ, Երևանից դուրս՝ Դ1,2-0,4 մլրդ (կրկին կախված հեռավորությունից)։ Ներկայում, անկախ հեռավորությունից, խաղատները տարեկան վճարում են Դ25 մլն պետական տուրք։

Ակնհայտ է, որ տուրքերի նման կտրուկ փոփոխությունները հանգեցնելու են խաղատների ու խաղասրահների մի մասի փակման։ Մյուսները կհեռանան Երևանից, իսկ Երևանում և շրջակայքում կմնան միայն խոշորները։ Շուկայի կենտրոնացումը մի քանի ընկերությունների ձեռքում առհասարակ բացասական երևույթ է, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ խաղային բիզնեսում սա ընդունելի և նույնիսկ ողջունելի է, քանի որ բարձրացնում է ոլորտի վերահսկողությունը։

Մեկնաբանել