Գաղափարական սնանկության գեներացիա

Նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ հակասությունների գեներացիա է սկսվել։ Երևույթը նկատվում էր նախագահական նաև նախորդ ընտրություններից առաջ։

Մեծ հաշվով նման գործընթացները բնականոն են, եթե տեղի են ունենում լուրջ գաղափարական հենքի վրա: Սակայն ինչքան էլ տարօրինակ հնչի, միշտ չէ, որ քաղաքական ուժերի կամ նրանց առանձին ներկայացուցիչների վարքագիծը քաղաքական կամ գաղափարական է։

Գործընթացն այս անգամ, կարելի է ասել, սկսվեց ՀԱԿ-ում։ Սկզբում կառույցը մեկը մյուսի հետևից լքեցին այն կուսակցություններն ու գործիչները, որոնք համարեցին, թե Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը համակարգային փոփոխությունների չի տանում:

Չի կարելի բացառել, որ նրանցից ոմանք իրոք անկեղծ էին իրենց գործողություններում ու պատճառաբանություններում, թեև ակնհայտ էր նաև այն, որ նրանք Կոնգրեսից դուրս բոլորովին այլ խնդիրներ էին լուծում, որոնք հանրային շահի հետ որևէ ընդհանրություն չունեն: ՀԱԿ-ում այժմ էլ լուրջ հակասություններ կան՝ պայմանավորված ԲՀԿ-ի հետ համագործակցության փաստով, որոնք կարող են ցանկացած պահի պայթել:

Նման գործընթաց նկատվում է նաև առանց այն էլ պառակտումների հակում ունեցող «Ժառանգություն» կուսակցությունում։ Կրկին խնդիրը ԲՀԿ-ի հետ համագործակցության հեռանկարն է։ Այս իրավիճակում «Ժառանգության» ներսում «այլախոհի» կարգավիճակում հայտնվել է Զարուհի Փոստանջյանը: Նա կասկածելի ինտենսիվությամբ և շեշտադրումներով փորձում է ոչնչացնել ԲՀԿ-ի հետ «Ժառանգության» կողմից վարվող պաշտոնական քաղաքականության չնչին ձեռքբերումները։

Խնդիրն այն է, որ Փոստանջյանն ամենևին էլ քաղաքական և գաղափարական կատեգորիաներով չի փորձում ներկայացնել իր տեսակետները: Նման որակի հիմնավորումների դեպքում միգուցե նրան հաջողվեր շատերին համոզել, որ, ասենք, ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը մահացու մեղք է։ Բայց այլ կատեգորիաներով գործընթացի վիժեցման փորձերը, մեղմ ասած, կասկածելի են։

Այս առումով մեկ խնդիր էլ կա՝ քաղաքական ուժերի միջև ատելության գեներացիան: Եթե «Ժառանգությունը» որոշել է առանձին թեկնածուով գնալ նախագահական ընտրությունների, ապա զուտ քաղաքական տրամաբանությունը հուշում է՝ պետք է հասնել մի այնպիսի մակարդակի, որ հնարավորինս շատ ազդեցիկ ուժեր առնվազն լոյալություն ցուցաբերեն քո թեկնածուի նկատմամբ: Իսկ ատելությունը ատելություն է ծնելու, որը կարող է ուղղվել և Զարուհի Փոստանջյանի պաշտպանած թեկնածուի դեմ: