Բժիշկ ծեծելը՝ ադաթ, կամ որտեղ է «Փյունիկի» նախկին բժիշկը

Նոյեմբերի 7-ին «Փյունիկ»-«Գանձասար» ֆուտբոլային հանդիպումից հետո «Փյունիկի» պարտությունը հունից հանել է Ռուբեն Հայրապետյանին, որը, դժգոհելով խաղի արդյունքից, պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին, բժիշկ Վարդան Հովասափյանին և դարպասապահների մարզչին։ Այս լուրը հաղորդվեց հեռուստատեսությամբ և հրապարակվեց «Փյունիկի» պաշտոնական կայքում:

Անկասկած, Ռուբեն Հայրապետյանը պատճառ ունի նրանց աշխատանքից դժգոհելու և մի մասին կարգապահական տույժի ենթարկելու, ինչո՞ւ չէ՝ ոմանց նաև աշխատանքից հեռացնելու: Ամեն ինչ ընդունելի կլիներ, նույնիսկ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված հեռացման պատճառները, եթե չպարզվեր, որ ակումբի բժիշկը ծեծի է ենթարկվել հենց Հայրապետյանի կողմից: Ծեծն էլ հո ծեծ չէ… իրեն բնորոշ արնախում ոճով:

Լուրեր.com-ի ունեցած տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանը թիմի բժշկին այնպես է ծեծել, որ Հովասափյանը ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրած, դուրս է եկել ֆեդերացիայից: Ընկերներից մեկի հարցին՝ ով է արել, Հովասափյանը պատասխանել է՝ Ռուբեն Հայրապետյանը, որից հետո շտապ նստել է տաքսի ու հեռացել:

Թե ուր է գնացել Հովասափյանը և որտեղ է այս պահին, ոչ ոք չգիտի, նույնիսկ ընտանիքի անդամները: Կարելի է ընդամենը եզրակացնել, որ Հովասափյանը հրահանգավորված թաքնվում է՝ հետագայում նորից չծեծվելու պայմանով, կամ էլ տեսնելով իր գործընկերոջ՝ Վահե Ավետյանի ճակատագիրը և շարունակվող անպատժելիությունը՝ որոշել է անաղմուկ իր գլխի ճարը տեսնել: Կհայտնվի հասարակության մեջ, երբ ծեծի արդյունքում ստացած վերքերը սպիացած կլինեն, կհայտարարի՝ ոչինչ էլ չի եղել, և ինքը ընդամենը հարևան հանրապետությունում էր՝ հանգստանալու նպատակով։ Եվ ամենևին էլ չպետք է զարմանանք, երբ այդ հայտարարությունը արվի «Հարսնաքարում»՝ ճոխ սեղանի շուրջ, Ռուբեն Հայրապետյանի ընկերակցությամբ:

Մնում է ոստիկանության հարցը:

Այս հարցն ամենադյուրինն է: Լրատվամիջոցների հրապարակումներն ըստ էության բավարար էին, որ այն ընդունվեր որպես հաղորդագրություն հանցագործության մասին: Բայց ինչպես տեսնում ենք՝ ձայն բարբառո անապատի:

Ասում են ծառայողական քննություն են անցկացնում: Թե ինչ է նշանակում ծառայողական քննություն, ես չեմ հասկանում, քանի որ թե՛ Ռուբեն Հայրապետյանը և թե՛ Վարդան Հովասափյանը ՆԳ աշխատակիցներ չեն, և տվյալ դեպքում ծառայողական քննություն ասվածը այլ կերպ չի ընկալվում, քան հերթական ծածկադմփոց:

Հայրենի «իրավապահները» գոնե այս դեպքում, հերթական ողբերգության կանխման համար, պարտավոր են ճշտել Հովասափյանի գտնվելու վայրը: Հասկանալի է, որ Ռուբեն Հայրապետյանը անձեռնմխելի է, և ամենևին էլ կապ չունի՝ նա ԱԺ պատգամավոր է, թե ոչ:
Բայց ոչինչ բացառել պետք չէ: Անակնկալ զարգացումներ էլ կարող են լինել: Ասենք՝ Հովասափյանը դիմի կտրուկ քայլերի, վրեժխնդրության (որ համարյա անհավանական է) կամ ինքնասպանության: Իհարկե, վերջին տարբերակը ամենաձեռնտու տարբերակն է:
Չկա մարդ, չկա պրոբլեմ: Բայց այս դեպքում պրոբլեմը միշտ մնալու է առկա՝ հանձին Ռուբեն Հայրապետյանի:

Ինչ արած՝ մարդը չի սիրում բժիշկներին, հո՞ զոռով չի: Հավանաբար այդ ատելությունը նրա մեջ մանկուց է, և դրա պատճառները հենց բժիշկները պետք է իմանան, հատկապես այն բժիշկները, որոնք իրենց գործընկերոջ սպանությունից հետո որոշեցին «մի կտոր հաց ուտել» բուժաշխատողի օրվա կաապակցությամբ՝ հենց «Հարսնաքարում»։

Մեկնաբանել