Քաղաքաքրեական գործերի տրամաբանությունը

ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ Վերաքննիչ դատարանի որոշումն ու հասարակության արձագանքը մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ լրջագույն անվստահություն կա դեպի իրավապահ և արդարադատություն իրականացնող մարմինները, ինչը տանում է փոխադարձ անհանդուրժողականության։ Զարմանալի է, բայց նախընտրական այս մթնոլորտում հենց սա էլ հարկավոր է իշխանություններին։

Ինչո՞ւ են իշխանությունները դրդում իրավապահ մարմիններին և արդարադատությանը դիմել ապօրինությունների՝ գործեր սարքել, խիստ կողմնակալ վճիռներ կայացնել և այլն: Հետագայում այս համակարգերում ընդգրկված շատերը, ինչպես նաև պետբյուջեից վճարվող մեր բազմաթիվ հայրենակիցներ ներգրավվում են զանգվածային հանցագործության մեջ, ինչպիսին ընտրակեղծիքների մեխանիզմն է:
Այն, որ 1995-ից սկսած՝ հայաստանյան բոլոր ընտրությունները կեղծված են, և որ վստահաբար առաջիկայում նույնպես ժողովուրդը չի քվեարկելու իշխանության օգտին, մեծացնում են Բաղրամյան 26-ի վախերը: Հերթական ընտրակեղծիքները բերելու են հերթական բողոքին, միգուցեև՝ հեղաշրջմանը:

Վերջին երկու տասնամյակների հեղաշրջումների պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդը հաղթում է, եթե նրա կողմն են անցնում կամ գոնե չեզոք դիրք են որդեգրում ուժային կառույցները: Մեկ ոստիկանի անցնելը ցուցարարների կողմը շատ հաճախ ավելի հզոր ազդեցություն է ունենում, քան հազարավոր մարդկանց բողոքները: Հետևություն՝ ամենավտանգավորը հենց ուժային կառույցներն են:

Ահա այստեղ էլ պարզ է դառնում, թե ինչո՞ւ են կոնֆլիկտներ հրահրվում այդ կառույցների և հասարակության միջև: ՀԱԿ-ի ակտիվիստների ազատազրկումը իշխանություններին ոչինչ չի տալիս, դրա նպատակը վերոնշյալ կոնֆլիկտն է, մոտ ապագայում ոստիկանության՝ ընդդիմության կողմն անցնելը կանխելը: Սերմանելով ատելություն դեպի իրավապահ մարմինները՝ իշխանությունները վերջիններիս զերծ են պահում իրենց ատողների կողմն անցնելուց: Նույնը դատարանների և դատախազության դեպքում է։

2013թ. փետրվարին իշխանության թեկնածուի հաղթանակի դեպքում բունտը Հայաստանում անխուսափելի է: Ոչ այն պատճառով, որ գրեթե բոլոր նախագահական ընտրություններից հետո դա սովորական երևույթ է դառնում արդեն, այլ այն պատճառով, որ երկիրը աննախադեպ ճգնաժամի մեջ է, ինչն ուղեկցվում է ազգային տնտեսության ոչնչացմամբ, մի քանի շահութաբեր ոլորտների կենտրոնացմամբ եղբայրների, փեսաների և այլ հարազատների ձեռքերում:

Առաջին անգամ բունտի մեջ շահագրգռված է ոչ միայն օրվա վաստակով ապրող քաղաքացին, այլ նաև բուրժուազիան, որը վերջին հինգ տարիներին բավականին աղքատացել է: Ընդ որում՝ հասարակությունն այսօր ամենաակտիվն է վերջին տասնհինգ տարիների ընթացքում, ինչը կարող է նոր որակ հաղորդել բողոքին՝ հաշվի առնելով նաև դրանց լուսաբանման միջոցների բազմազանությունը:

Մնում է բողոքը զսպելու ուժային միջոցը: Հետևաբար՝ ուժայիններին պետք է ներշնչել, որ բողոքողները ատում են նրանց և իշխանություն ստանալուն պես իրենց հետ հաշվեհարդար են տեսնելու:

Ահա թե ինչպիսին է վերջին շրջանի քաղաքական գործերի տրամաբանությունը:

Մեկնաբանել