Հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը ձերբակալվել է

Հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը նոյեմբերի 7-ից անհայտ կորել է։ 

Վկաներն ասում են, որ Ավոյին վերջին անգամ տեսել են իր երկու գործընկերների հետ տեսախցիկով Հալեպի հանրային զբոսայգում։

Ավոն աշխատում էր նոր ֆիլմի վրա, որը պատմում է 2011թ․ սկսված սիրիական հակամարտության ընթացքում սիրիացի ժողովրդին պատուհասած մարդասիրական ճգնաժամի և աղետի մասին։ 

Ավո Գաբրիելյանը ծնվել է Հալեպում 1985թ․։ Նա սովորել է հայկական Հայկազյան միջնակարգ դպրոցում, ապա Քարեն Եփփեի անվան հայկական ճեմարանում։ Նա ավարտել է Դամասկոսի համալսարանը՝ մասնագիտանալով թատրոնի և կինոյի ոլորտում և այնտեղ մի քանի տարի աշխատել է տարբեր ֆիլմերի արտադրության վրա։ Այնուհետև վերադարձել է Հալեպ ու սկսել արվեստ և թատրոն դասավանդել Աքադի ինստիտուտում։ Նա իր ընկերների հետ բացել է առաջին հանրային կինոակումբը քաղաքում և Սիրիայում երիտասարդ արվեստագետների նոր ալիքի ամենահայտնի ռեժիսորներից մեկն է։

Ավոն մասնակցել է «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնին անցյալ հուլիսին իր «Եվս երկու քայլ» կարճամետրաժ ֆիլմով, որը նվիրված է հայ լեգենդար ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին։ Ավոյի ֆիլմերը միշտ արծարծում են մարդասիրական խնդիրներ։ Նրա վերջին ֆիլմը Հալեպի հաշմանդամների մասին է, սակայն այն դեռ չի ցուցադրվել քաղաքում հատկապես վերջին չորս ամիսներին տիրող բարդ իրադրության պատճառով։     

Հալեպում Ավոյի ընկերների խոսքով՝ Գաբրիելյան ընտանիքն իր որդուն ազատելու հարցում մինչ այժմ գործում է միայնակ՝ մի քանի քրիստոնյա կղերականների օգնությամբ։ Նույն աղբյուրներն ասել են, որ Ավոն երկու այլ մարդկանց հետ նոյեմբերի 7-ին տարվել է Սիրիայի գաղտնի ծառայությունների Քաղաքական հետախուզության բաժանմունք։ Նրա ընկերները ստեղծել են ֆեյսբուքյան էջ՝ հայտնելով իրենց աջակցությունը և կոչ անելով ազատ արձակել Ավոյին։