Ռուսաստանում գաստերբայտերները կվարկավորեն

Ռուսական բանկերը կսկսեն վարկեր տրամադրել աշխատանքային միգրանտներին: Միգրանտների վարկավորման հատուկ ծրագիր է սկսում ռուսական «Յունիաստրում» բանկը: Այս մասին ռուսական «Իզվեստիային» տեղեկացրել է բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը:

4 տարի ժամկետով պիլոտային նախագիծը մեկնարկում է նոյեմբերին: Միգրանտներին կառաջարկվեն տարեկան 30% տոկոսադրույքով վարկեր: Համեմատության համար՝ Ռուսաստանի քաղաքացիներին առաջարկվող սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը 18-20% է:

Զաքարյանի խոսքով՝ առաջին փուլում վարկեր կառաջարկվեն միայն աշխատանքային միգրանտներին, որոնք արդեն օգտվել են բանկի ծառայություններից, մասնավորապես՝ դրամական փոխանցումների Unistream  համակարգից:  Ըստ բանկի նախագահի՝ այլ երկրների՝ Ռուսաստանում աշխատող բազմաթիվ քաղաքացիներ, որոն դրամական փոխանցումներ են կատարում, բազմիցս վարկ վերցնելու ցանկություն են հայտնել:

Բանկի մանրածախ ռիսկերի բաժնի ղեկավար Իլվեր Բրամուելը, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանում ոչ ռեզիդենտների համար վարկերի ռիսկերը ավելի փոքր են, քան էքսպրես վարկավորման շուկայում:  

«Յունիաստրում» բանկը ռուսական 100 խոշորագույն բանկերի շարքում է՝ ըստ  ակտիվների ծավալի, և մասնաճյուղեր ունի Ռուսաստանի 48 ռեգիոններում:

Ըստ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տվյալների՝ ներկայում Ռուսասատնում միգրանտների թիվը շուրջ 3,5 մլն է, որոնցից ընթացիկ տարում աշխատանքի թույլտվություն է տրվել 1 մլն-ին:  Ռուսաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ ոչ ռեզիդնետները 14,9 մլրդ ռուբլու (շուրջ $470 մլն) վարկ են վերցրել: Ընդ որում՝ վարկեր առավելապես ստանում են որակավորված մասնագետները:

Աշխատանքային միգրանտներին  վարկեր տրամդրում են միայն միկրոֆինանսական կազմակերպությունները, որոնք վարկեր առաջարկում են տարեկան ավելի քան 100% տոկոսադրույքով, ինչը մի քանի անգամ գերազանցում է բանկերի սահմանած տոկսադրույքները: Ըստ զանգվածային լրատվամիջոցների՝ աշխատանքային միգրանտների ֆինանսավորման հարցում հետարքրություն են ցուցաբերել նաև Ղազախստանի ֆինանսական կառույցները և մոնղոլալական բանկերը, սակայն  դեռևս որևէ որոշում չի կայացվել: