Սի Ցզինպինը դարձավ Չինաստանի կոմունիստական կուսակցության նոր ղեկավար

Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինն ընտրվել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտարարվել է կենտրոնական կոմիտեի՝ Կոմունիստական կուսակցության՝ երեկ ավարտված 18-րդ համագումարից հետո կայացած առաջին նիստին, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով չինական «Սինհուա» գործակալությունը։

Սի Ցզինպինը, ինչպես ակնկալվում էր, Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Հու Ձինթաոյին, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2002-ից։ Նա Ձինթաոյին պետք է փոխարինի նաև Չինաստանի նախագահի պաշտոնում։

Բացի գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ Սի Ցզինպինն ընտրվել է նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմական խորհրդի նախագահ։ Հարցը, թե Ձինթաոն ռազմական ոլորտի վերահսկողությունն արդյոք իր իրավահաջորդին կփոխանցի, թե ոչ, մինչ այս պահը բաց էր մնում։ Սակայն կուսակցությունը և Չինաստանը վերջին տասը տարիներին ղեկավարած Հու Ձինթաոն չհետևեց իր նախորդ Ցզյան Ցզեմինի օրինակին, որը կուսակցության գլխավոր քարտուղարի և երկրի նախագահի պաշտոնները զիջելուց հետո մոտ երեք տարի պահպանեց գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը։

Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նորացված կազմում է նաև Լի Կեցյանը։ Նա ինչպես ակնկալվում է, 2013թ․ մարտին կնշանակվի կառավարության ղեկավարի՝ Պետխորհրդի վարչապետի պաշտոնում, որը ներկայում զբաղեցնում է Վեն Ցզյաբաոն։

Սի Ցզինպինն ու Լի Կեցյանը Չինաստանի նախագահի և վարչապետի պաշտոնները պաշտոնապես կզբաղեցնեն այն բանից հետո, երբ 2013թ․ մարտին նրանց թեկնածություններին հավանություն կտա խորհրդարանը՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը։

Հիշեցնենք, որ կենտրոնական կոմիտեի նոր կազմն ընտրվել էր Կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարում, որը տեղի էր ունենում Պեկինում նոյեմբերի 8-14-ը։