ՀՀԿ-ի հեգնական հայտարարություններից երկրի վիճակը չի լավանում. Ա. Մարտիրոսյան.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ինֆորմացված է կուսակցության և այլ քաղաքական ուժերի միջև խորհրդարանական կառավարման համակարգի անցման շուրջ քաղաքական կոնսուլտացիաներից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ իր դրական գնահատականը տալով քննարկումներին: 

Նրա կարծիքով, կոնսուլտացիաները չեն ձախողվի:

«Ես մտավախություն չունեմ, թե քննարկումները կձախողվեն, քանի որ դրանց վերաբերյալ հայտարարությունները սև փի ար են: Ես այդ փի ար քայլերին քիչ ուշադրություն եմ դարձնում, ժամանակի ընթացքում դրանք հերքվում են և կարճաժամկետ էֆեկտ են ունենում: Ինձ համար կարևորագույնը խնդրի լուծումն է: Իսկ ինչ վերաբերում է հանրապետական գործընկերների հեգնական խոսքերին, ապա նրանք կարող են անըդհատ հեգնել, բայց դրանից պետության վիճակը չի լավանում»,-ասաց Մարտիրոսյանը:

Մեկնաբանելով առաջ քաշված այն տեսակետը, թե խորհրդարանական կառավարման համակարգի անցման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը ԲՀԿ-ի կողմից արվել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան համագործակցության կոնտեքստում, Մարտիրոսյանն ասաց. «Իմ անձնական կարծիքն այն է, որ ցանկացած պարագայում, եթե ինչ-որ մեկի կողմից առաջ է քաշվում խնդիր, որը հնարավորություն է տալիս երկրի առջև ծառացած խնդիրներից որևէ մեկը գոնե կես քայլով լուծել, բնականաբար, պետք է օգնել, որպեսզի այդ կես քայլը կատարվի, «Ժառանգությունն» իր գործունեությունը կապում է ոչ թե անունների, այլ խնդիրների հետ»: