2012թ. Երևանում 18,8 մլրդ դրամի շինբարեկարգման աշխատանքներ են իրականացվել

2012թ. Երևանի քաղաքապետարանի բյուջեով շինարարության և բարեկարգման վարչությունն իրականացրել է մոտ 18,8 մլրդ դրամի շինբարեկարգման աշխատանքներ, այդ թվում` 10 մլրդ դրամ ուղղվել է ասֆալտապատաման աշխատանքներին, 8,8 մլրդ դրամ` շինարարության բարեկարգման այլ տեսակի աշխատանքներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը:

Նրա խոսքով` այս տարվա ծրագրերով մայրաքաղաքում կատարվել է 2 մլն քմ ընդհանուր ծավալով ասֆալտապատում, այդ թվում` 40 փողոցներ հիմնանորոգվել են: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում նորոգվել են նաև կանգառագոտիներն ու հարակից հատվածները: Շուրջ 600 փողոցներում էլ կատարվել է մասնակի ասֆալտապատում, 1000 բակային և միջբակային հատվածներ ևս ասֆալտապատվել են:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2,5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավտոճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: 

Ջեռուցման համակարգերով են ապահովել մայրաքաղաքի ջեռուցման համակարգեր չունեցող և թերի ջեռուցվող դպրոցները, հիմնանորոգվել է 26 մանկապարեզ: Բարեկարգման ծրագրերով մաքրվել և վերանորոգվել են վարչական տարբեր շրջանների 137 շենքերի ճակատային հատվածներ, կառուցվել և բնակիչներին է հանձնվել մինի ֆուտբոլի 12 դաշտ: