Փոփոխություններ ձեռնարկատիրական գործունեության պայմաններում

Կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով կարգավորվում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ուսումնասիրվել է այդ համակարգերին միացում կատարելու կամ կատարված միացումները փոփոխելու հարցերը կարգավորող իրավական դաշտը։ Որոշմամբ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը փոփոխվում է` նպատակ ունենալով գործարար միջավայրի բարելավման համատեքստում բարելավել և պարզեցնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։

Մասնավորապես` ջրամատակարարի կայքում տեղադրվելու են համակարգերին միացում կատարելու կամ կատարված միացումների փոփոխության համար գրավոր դիմումի օրինակելի ձևը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, պայմանագրերի օրինակելի ձևերը և այլն։ Այդպիսով կբարձրանա հանրային իրազեկվածությունը, կպարզեցվեն գործարար հարաբերությունները, կկրճատվի ծառայության ստացման համար ծախսվող ժամանակը և այլն։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կբարելավվեն ձեռնարկատիրական գործունեություն սկսելու պայմանները, կկրճատվեն ութ բիզնես գործընթաց, արտոնագրի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը, որոշում կայացնելու ժամկետը։

Կառավարության հավանությունն է ստացել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է վերացնել ոլորտում գործունեություն ծավալելու համար տրվող երեք արտոնագիր, էականորեն կրճատել ռադիոհաճախականությունների օգտագործման, համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության տրամադրման փաստաթղթերը։

Վերը նշված ջրամատակարարմանը վերաբերող որոշման և օրենքների նախագծերը կառավարության քննարկմանն է ներկայացրել կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը` ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի հանձնարարությամբ։

«Այս երեք նախագծերը բավական բուռն քննարկում են անցել,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ -Այժմ մենք պետք է զեկուցող Արմեն Եղիազարյանին լիազորենք, որպեսզի նա Ազգային ժողովում ներկայացնի նոր օրենսդրական նախաձեռնությունները։ Դրանց նպատակն է գիլյոտինի միջոցով վերացնել ավելորդ քաշքշուկը»։