Հնարավոր է՝ Մոլդովան ԵՄ երկրներ մուտքի անայցագիր ռեժիմ ստանա մինչև 2013թ․ վերջ

Հնարավոր է՝ Մոլդովան Եվրամիության երկրներ մուտքի անայցագիր ռեժիմ ստանա մինչև 2013թ․ վերջ։ Այս մասին Քիշնևում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարել է Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավար Դիրք Շուբելը՝ նշելով, որ այս խնդիրը դժվար հասանելի է, սակայն իրական է։

Նրա խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացման համար Մոլդովայի իշխանությունները դեռ պետք է շատ աշխատեն, և այդ նպատակին կարելի է հասնել ոչ շուտ, քան 2013թ․ վերջին։ Շուբելը նշել է, որ ամեն ինչ կախված է լինելու հանրապետության կողմից իրականացվող բարեփոխումների տեմպից։

Նա ասել է, որ Մոլդովայի իշխանություններն ընդունել են անհրաժեշտ օրենքների փաթեթը, և այժմ հարկ է՝ նրանք ապահովեն դրանց ճիշտ կիրառումը գործնականում։ Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Եվրահանձնաժողովը հետևելու է հանրապետության՝ ոչ խտրականության մասին օրենքի (որն ուժի մեջ կմտնի 2013թ․ հունվարի 1-ին), մրցակցության մասին օրենքի և կարևոր այլ փաստաթղթերի իրականացման ընթացքին։

Շուբելն ընդգծել է, որ վիզային ռեժիմի ազատականացումը Մոլդովայի քաղաքացիներին հնարավորություն կտա ազատ մեկնել Շենգենյան գոտու երկրներ՝ առանց վիզայի և այնտեղ գտնվել երեք ամսվա ընթացքում, սակայն դա նրանց աշխատանքի տեղավորվելու հնարավորություն չի տա։