Նոր Զելանդիան լավագույն երկիրն է բիզնեսի համար․ Forbes

Նոր Զելանդիան գլխավորել է բիզնես վարելու համար լավագույն պայմաններ ունեցող երկրների ցուցակը, որը կազմել է ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը 2012թ․ համար։

Forbes-ի փորձագետները գնահատել են 11 հիմնական չափորոշիչներով, որոնց թվում են հարկային ծանրաբեռնվածությունը, շուկայի բաց լինելն ու նրա կարգավորման թափանցիկությունը, կոռուպցիան, անձի ազատությունը, ներդրողների պաշտպանությունը, նորարարությունները։ Նոր Զելանդիան լավագույն արդյունք է արձանագրել 11 չափորոշիչներից չորսով։ Forbes-ը մատնանշում է գործարար կայուն միջավայր երկրում, որը խրախուսում է ձեռներեցությունը, անձի ազատության և ներդրողների պաշտպանության բարձր մակարդակը, ինչպես նաև կոռուպցիայի բացակայությունը։

Առաջին տասնյակում են նաև Դանիան, Հոնգ Կոնգը, Սինգապուրը, Կանադան, Իռլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Մեծ Բրիտանիան։

Կանադան, որը 2011թ․ գլխավորել էր վարկանիշը, իջել է միանգամից չորս դիրքով, քանի որ Forbes-ը կարծում է, որ հետազոտական ինստիտուտների աշխատանքի որակը վատացել է, իսկ կառավարությունը ոչ բավարար ակտիվ դեր է խաղում նորարարությունների առաջխաղացման հարցում։

ԱՄՆ-ը չի մտել վարկանիշի առաջին տասնյակ՝ հայտնվելով միայն 12-րդ տեղում՝ Ավստրալիայից հետո։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի դիրքերը հետևողականորեն թուլանում են 2009-ից, երբ երկիրը հայտնվեց պարբերականի վարկանիշի երկրորդ տեղում։ Անցյալ տարի համաշխարհային խոշորագույն տնտեսությունը եզրափակում էր առաջին տասնյակը։ «Աշխարհում կորպորացիաների համար սահմանված ամենաբարձր հարկերը խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը երկրում»,- կարծում են վարկանիշի հեղինակները։ Բացի այդ՝ բացասական գործոնների թվում են առևտրի ազատության ցածր մակարդակը, ինչպես նաև ֆինանսական խիստ կարգավորումը։

Եվրոպական ֆինանսական խոշորագույն կենտրոնները՝ Շվեյցարիան ու Լյուքսեմբուգը, զբաղեցրել են 15-րդ և 18-րդ տեղերը։ Ֆրանսիան ու Գերմանիան՝ եվրոպական ամենախոշոր տնտեսությունները, 20-րդ և 21-րդ տեղերում են։

Մեկնաբանել