ՀՀ զինուժի 33 սպա բնակարան է ստացել

Կոտայքի մարզի զորամասերից մեկի 33 սպա այսօր բնակարանամուտ է տոնել. տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Բոլոր տեսակի կոմունալ և կենցաղային հարմարություններով համալրված մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների տերերին բանալիները հանձնել է անձամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով սպաներին և նրանց ընտանիքներին բնակարանամուտի առիթիվ, հիշեցրել է, որ մեր պետության ղեկավարությունը և պաշտպանության նախարարությունը մշտապես հոգում են զինծառայողների ծառայողական պայմանների բարելավման խնդիրները, որպեսզի բարեկեցիկ կյանք ապահովեն զինծառայողների և նրանց ընտիքների անդամների համար, քանզի ամուր, կայուն և բարեկցիկ ընտանիքը հայրենիքին նվիրյալ զինվորականություն ունենալու լավագույն գրավականն է:

Պաշտպանության նախարարը, դիմելով բնակարանամուտ տոնողներին, ասել է. «Ինչպես դուք եք շնորհակալ, այնպես էլ ես եմ շնորհակալություն հայտնում ձեզ և շնորհավորում: Դուք մինչ այս բնակարանները ստանալն էլ բարեխղճորեն ծառայել եք հայրենիքին: Դուք ձեր ընտանիքի անդամների հետ ընտրել եք զինվորական պատվավոր ծառայությունը՝ պաշտպանելով մեր հայրենիքը: Աստված թող ձեզ բոլորիդ պահապան լինի, թող օրհնի ձեր ընտանիքներին»:

Բնակարամուտի հանդիսավոր տոնակատարության ավարտին նորակառույց շենքն ու նրա բանակիչներին օրհնեց հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Կարապետյանը: Որից հետո արդեն տանտիրոջ իրավունքով բնակարանի տերերն իրենց հարկի տակ հյուրընկալեցին նախարարին, ծանոթացրին բնակարանային պայմաններին:

ՀՀ զինված ուժերի սպաների համար այս տարվա ընթացքում ևս մեկ նորակառույց շենք կհանձնվի շահագործման Գյումրիում