Մսամթերքն էժանացել է. սպառումը քիչ է, առաջարկը՝ շատ

Մսամթերքի շուկայում վերջին շաբաթվա ընթացքում  գնանկում է նկատվում. խնդրին անդրադարձել է «Արմենիա» հեռուստատեսության «Ժամը» լրատվականը:

Տավարի միսը Դ2500-ի փոխարեն վաճառվում է Դ2200-ով: Մսավաճառներն ասում են, որ սպառումը քչացել է, առաջարկն՝ ավելացել: Սպառումն, ըստ նրանց, քչացել է, քանի որ «ամեն օր բոլոր լրագրողները խոսում են սիբիրախտի մասին, վախեցնում մարդկանց», մինչդեռ ստուգումները խստացել են մսի վաճառքի բոլոր փուլերում:

Առաջարկն ավելացել է, քանի որ գյուղացիները խոշոր եղջերավորներին  զանգվածաբար մորթում են. խոտը քիչ է եղել, քիչ են մթերել, անասնակերն աննախադեպ թանկացել է, և կենդանիներին ձմռանը չեն կարող կերակրել:

Էժանացել է նաև ոչխարի միսը՝ անցյալ տարվա համեմատ շուրջ Դ1000-ով. այն արժե Դ2300-2500:  Մսավաճառների խոսքով՝ սա էլ պայմանավորված է Իրանում արտարժույթի արժևորմամբ, ինչի արդյունքում Իրանին այլևս ձեռնտու չէ դոլարով առևտուր անել, և ոչխարի՝ մեր շուկայում կուտակված միսն էլ հանգեցնում է գնանկման:

Իր գինը և սպառման ծավալը չի փոխում խոզի միսը: