Իրենք թվերը չեն քննարկում. գրում են ու ադապտացնում. Հ.Բագրատյան

Մեծ հաշվով բյուջե էստեղ չկա. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ ԱԺ «ՀԱԿ» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: «Օրինակ, ասում են՝ գները 5% բարձրանալու են, թոշակները չեն բարձրանալու. հիմա գնա՞նք էս բյուջեին: Արտագաղթի քննարկումը տեղի չի ունենում, մինչդեռ դա մեծ առաջնահերթության խնդիր ա, բա պետությունն ո՞ւմ համար ենք սարքել»,- նշեց նա:

Բյուջեի քննարկումը, ըստ Բագրատյանի, պիտի երկու անգամ ավելի տևեր. սկզբում նույնքան ժամանակ պիտի տրվեր բյուջեի եկամուտների քննարկմանը: «Ասում են՝ բյուջեն տորթ ա, պիտի բաժանես. հա, բայց նախապես պիտի իմանաս, թե ինչ չափի տորթ ա, որ իմանաս թե ինչ չափի կտորներ անես»,- նշեց նա:

Եկամուտները չքննարկելու մոտիվացիա կառավարությունը չունի. «Իրանք մի թիվ են ասում ու էլ չեն քննարկում, ուղղակի ադապտացնում են. պատգոնկա են անում. ասենք, եղել ա 90, ասում են, լավ, գրենք 110»,- ասաց նա:

Բագրատյանը վստահ է, որ այս բյուջեի չհամընկնող թվերը, կորչող գումարները, ակնհայտ ստվերային ձեռնարկատիրությունն ազգային անվտանգության խնդիր են: Իր բարձրացրած խնդիրներին վարչապետը լուրջ պատասխան չի տալիս, «դեմագոգիա է անում». «Օրինակ, կոնկրետ խնդիր եմ դնում, պիտի պատասխանի, վեր ա կենում, ասում՝ իսկ ձեզ ո՞վ ասեց, թե մտքերը լինում են բացարձակ»:

Բարձրացված կոնկրետ հարցերին, նրա խոսքով, հստակ պատասխան չի տալիս նաև ֆինանսների նախարարը, որն, իդեպ, այսօր մեկնել է Հայաստանից: «Եթե իմ ֆինանսների նախարարը բյուջեի քննարկման ժամանակ մեկներ Կոտ դի Վուար, ես կգնդակահարեի իրան»,- ասաց նա:

Մեկնաբանել