«Չենք լռելու»-ի տեսանյութից հետո ՊՆ-ն ստանձնել է զինվորի բուժման ծախսը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ էր տարածել, որում ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի ծնողները պատմում էին, թե ինչպես են արյան սուր հիվանդության հայտնաբերումից հետո իրենց որդուն վաղաժամ զորացրել՝ հրաժարվելով հոգալ արտերկրում բուժման ծախսերը: Ըստ նախաձեռնության՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն ստանձնել է տղայի բուժման ծախսերը:

«Տեսանյութում զինվորի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը, սուր քննադատության էր ենթարկել ՊՆ-ին նման վերաբերմունքի համար: «Սա՞ է այս երկրի վերաբերմունքն իր զինվորի հանդեպ: «Զինուժով» նայում ենք՝ փառաբանում են: Ամոթ չե՞ք անում, որ այսպիսի խաղաքարտ եք տալիս ադրբեջանցիների ձեռքը: ՊՆ-ի գեներալները հարյուրհազարավոր դոլար արժողությամբ ջիփերով են ման գալիս, իսկ մահամերձ զինվորի բուժման համար գումար չկա՞: Պաշտպանության նախարարն իմ որդուն լավ ծառայության համար ժամացույց էր նվիրել: Քանի՞ գրոշի արժեք ունի այդ ժամացույցն այսօր»,- ասել էր նա:

Այսօր նախաձեռնությունը տեղեկացավ, որ պաշտպանության նախարարությունը վերջապես ստանձնել է զինծառայողի բուժման ողջ ծախսերը: Երիտասարդը տեղափոխվել է Մոսկվա և այժմ գտնվում է Դմիտրի Ռոգաչովի անվան արյունաբանական կենտրոնում: Նրա բուժման արժեքն է 50.000 ԱՄՆ դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ: