Հայաստանցի ներգաղթյալ աշակերտների դպրոցը Ստամբուլում մեծանում է

Ստամբուլի Հայ ավետարանական եկեղեցու գետնահարկում հայաստանցի ներգաղթյալների երեխաների համար գործող դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի մեծանում է: «Ցավոք, աշակերտների քանակն ավելանում է: Այս տարի արդեն 20 աշակերտ է ընդունվել առաջին դասարան, և դպրոցում աշակերտների ընդհանուր թիվը հասել է 108-ի»,- ասում է դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը՝ մտահոգվելով, որ դա նշանակում է՝ Հայաստանում հավատը կորցրել են սեփական երկրի ապագայի նկատմամբ և իրենց բախտը սկսում են ավելի շատ որոնել անգամ Թուրքիայում:

Երևանի Ավան-Առինջի 180-րդ դպրոցում ութ տարի հայոց լեզու և գրականություն դասավանդած Ավագյանը հայաստանցի շատ ներգաղթյալների նման Ստամբուլ եկել է աշխատանք գտնելու նպատակով՝ 2002 թ.: «Եկել էի աշխատելու, ոչ թե դպրոց հիմնադրելու»,- ասում է նա՝ հավելելով, որ այն ժամանակ արդեն բազմաթիվ հայաստանցի ներգաղթյալ ընտանիքներ կային, որոնց երեխաները քաղաքացիություն չունենալու պատճառով խնդիր ունեին տեղի դպրոցներում ուսում ստանալու առումով:

2003թ. պոլսահայ Ալեքս Ուղուրօղլուն Հերիքնազ Ավագյանին առաջարկում է հիմնադրել դպրոց՝ հայաստանցի երեխաների համար՝ խոստանալով, որ ընթացքում նաև կգտնի աջակիցներ: «Շատ ուրախ էի, որ ինձ հնարավորություն է տրվում շարունակելու զբաղվել մասնագիտական գործով, ոչ թե ներտնային գործերով»,- ասում է նա:

Յոթ աշակերտով 2003թ. դպրոցին իր հարկի տակ հյուրընկալում է Ստամբուլի Հայ ավետարանական եկեղեցին, որի գետնահարկում սկսվում են դասերը: «Դասերն սկսեցինք միջանցքում՝ ընդամենը երկու այբբենարանով: Հաջորդ տարի արդեն աշակերտների թիվը կրկնապատկվեց,- նշում է Ավագյանը և հավելում:- Նոր ուսուցիչների ներգրավեցինք, տեսանք, որ արդեն ոչ միայն երեխաներին տառաճանաչ կարող ենք դարձնել, այլև նորմալ կրթություն տալ: 108 աշակերտ ունեցող դպրոցում այս տարի արդեն վեցերորդ դասարան ունենք»:

Հրանտ Դինքի անունը կրող դպրոցին այժմ արդեն հովանավորում է «Կարիտաս» բարեգործական կազմակերպությունը, որը հոգում է ուսուցիչների աշխատավարձի, երեխաների ճաշի և այլ ծախսեր, իսկ եկեղեցին տարածքը տրամադրելուց բացի՝ հոգում է դպրոցի կոմունալ ծախսերը: ՀՀ Սփյուռքի նախարարությունը այժմ արդեն տրամադրել է անհրաժեշտ դասագրքերը, որոնք նախատեսված են Հայաստանի դպրոցների համար:

Դպրոցը գործում է անօրինական և չունի Թուրքիայում ուսումնառություն կազմակերպելու համար համապատասխան արտոնագրերը:

2010թ. Թուրքիայի վարչապետը սպառնացել էր, որ իրենք հարկ եղած դեպքում կարտաքսեն Թուրքիայում ապրող հայաստանցի ապօրինի ներգաղթյալներին: Հերիքնազ Ավագյանն ասում է, որ այդ հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցները շատ մեծ ուշադրություն հատկացրեցին հայաստանցի ներգաղթյալների, այդ թվում՝ իրենց դպրոցի խնդիրներին՝ աջակցելով իրենց: Նրա խոսքով՝ իրենց ներկայում ավելի ապահով են զգում և արտաքսման վտանգ չեն տեսնում:

Հայ ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Գրիգոր Աղաբալյանն (Աղաբալօղլու) էլ ասում է, որ իրենք դպրոցի գաղափարին աջակցեցին, որպեսզի հնարավորություն տան հայաստանցի երեխաներին՝ ոչ հայկական միջավայրում հայ մնան: «Մենք Թուրքիայում արդեն կորցրել ենք մեր լեզուն: Ինչո՞ւ թույլ տանք, որ այս երեխաներն էլ նույն ճակատագրին արժանանան»,- հարցադրում է անում նա: Աղաբալյանի խոսքով՝ ներգաղթյալ հայաստանցիները հիմնականում ոչ շատ բարձր վարձատրվող գործեր են կատարում՝ տղամարդիկ բանվորություն են անում ֆաբրիկաներում, իսկ կանայք՝ սպասավորի գործեր մասնավոր տներում: «Նրանց իրավունքները պաշտպանված չեն, քանի որ շատերը օրինական աշխատելու իրավունք չունեն, և հաճախ գործատուները չարաշահում են այդ հանգամանքը»,- ասում է Աղաբալյանը:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Պողոսյանը արդեն երկու տարի է, ինչ աշխատում է դպրոցում: «Ես երբեմն ինքս ինձ մեղադրում եմ, թե ինչու եմ մնում այստեղ: Բայց երբ նայում եմ այս երեխաներին [ցույց է տալիս եկեղեցու բակում հավաքված երեխաներին – Կ.Հ.], հասկանում եմ իմ հարցի պատասխանը»,- նշում է նա:

Դպրոցի աշակերտների ծնողներից մեկը՝ Հերսիլիա Պետրոսյանը, արդեն տասը տարի է, ինչ Ստամբուլում է: «Տասը տարի է էստեղ եմ, աշխատում եմ, փառք Աստծո, ընտանիքս, երեխաներիս, թոռներիս պահում եմ էստեղի աշխատանքով: Տանն եմ աշխատում, եղել է այնպես, որ հյուրանոցում եմ աշխատել, դե որտեղ պատահի»,- խոստովանում է նա: Պետրոսյանն ընտանիքով է Ստամբուլում: Նա եկել է, որովհետև Հայաստանում թեև գործ ունեցել է, սակայն ստացած աշխատավարձով չի կարողացել գոյատևել: Հարցին, թե հայերն որչքան կմնան Ստամբուլում, նա պատասխանում է. «Ինձ թվում է՝ այնքան պետք է մնանք էստեղ, մինչև մեր երկրում ամեն ինչ կարգավորվի, որ մարդիկ աշխատանք ունենան, կարողանան նորմալ գումար ստանալ աշխատանքի դիմաց: Այնքան պետք է մնանք, մինչև մեր երկիրը նորմալ դառնա: Մենք չենք ուզում էստեղ մնալ, մենք էլ ենք ուզում շատ մեր երկիրը գնալ»,- ասում է դպրոցի աշակերտի ծնողը:

Կարեն Հարությունյան, Ստամբուլ