Սննդի անվտանգության հարցում կառավարությունն էլ պատճառաբանություններ չի ընդունելու

Երեկ՝ մինչ կառավարության նիստը սկսելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձավ սննդի անվտանգության, այդ թվում՝ պանրի որակի խնդրին։ Վարչապետը հայտարարեց, թե թույլ չեն տալու, որ առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի հայ ընտանիքների սեղանին։ Սննդի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաները, սակայն, այդպես էլ չկարողացան հստակեցնել, թե իրականում ինչ ծավալի պանրում է աղիքային ցուպիկ հայտնաբերվել, և դրա որ մասն է իրացվել բնակչությանը։ Նշվեց անգամ, որ ցուպիկով խմբաքանակները շուկա հանված չեն էլ եղել։

Նոյեմբերի 8-ի կառավարության նիստին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը տեղեկացրեց, թե սեպտեմբեր-հոկտեմբերին պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսավարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումների արդյունքում 18 տնտեսավարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է, քանի որ որոշ ապրանքատեսակներում, մասնավորապես՝ չանախ պանրատեսակում, հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ. 5,5 տոննա պանիր ոչնչացվել է։

Հայտարարությունն անարձագանք չմնած. նոյեմբերի 12-ին Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը հայտարարեց, որ այս ստուգումները նախագահական ընտրություններին ընդառաջ արված քայլ էին, միությունն առարկություններ ունի ստուգումների արդյունքների վերաբերյալ և մտադիր է մոտ ապագայում նոր ստուգումներ անցկացնել:

Երեկ մինչև կառավարության նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձավ սննդի անվտանգության խնդիրներին։ «Մեր նպատակը հետևյալն է՝ մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի: Մենք խստացրել ենք վերահսկողությունը, և նահանջ այս դաշտում չի լինելու՝ ոչ մի պատճառաբանությամբ: Մենք թույլ չենք տալու, որպեսզի առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի հայ ընտանիքների սեղանին»,– նշեց վարչապետը։

Պանրում ցուպիկի առկայությունն այն աստիճան է անհանգստացրել գործադրին, որ երեկվա նիստից հետո խնդրի պարզաբանման համար կազմակերպվեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի և Սննդի անվտանգության պետական ծառայության սննդի անվտանգության և որակի տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Արարատյանի մամլո ասուլիսը։

Ըստ Արարատյանի՝ պանիր արտադրող 18 ընկերություններում հայտնաբերված խախտումների պատճառը սանիտարահիգիենիկ ոչ բավարար վիճակն է եղել։ Ներկայում 17 ընկերությունների նկատմամբ կիրառված արգելանքը հանված է՝ հիմք ընդունելով նրանց կողմից բավարար միջոցառումների անցկացումը: Արարատյանի խոսքով՝ աղիքային ցուպիկի մանրէները կայուն են աղի նկատմամբ: «Չանախ» տեսակի պանիրը չի փաթեթավորվում, այլ մշտապես պահվում է աղաջրի մեջ, ինչն էլ հարուցել է սննդի անվտանգության ծառայության ուշադրությունը:

«Օրակագրի» հարցին, թե, ի վերջո, որքան ժամանակ է աղիքային ցուպիկով պանիրը իրացվել բնակչությանը, և ինչ ծավալների մասին է խոսքը, Արարատյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց։ Ըստ նրա՝ վերահսկողություն իրականացվում է միայն այն խմբաքանակի նկատմամբ, որն արտադրության համար պատասխանատու կողմը հայտարարագրում է իրացման նպատակով։ Մնացած խմբաքանակները, ըստ արտադրողի պնդումների, կարող են լինել ոչ իրացման նպատակով կամ էլ դեռ հասունացման մեջ են։
«Ինչ վերաբերում է շուկաներում առկա վիճակին, ապա ներկայում գյուղատնտեսական շուկաներում իրականացվում են դիտարկումներ, արդյունքների մասին տեղեկատվությունը կլինի մի փոքր ուշ։ Ինչ վերաբերում է ցուպիկով խմբաքանակներին, ապա դրանք շուկա հանված չեն եղել»,– ասաց Արարատյանը։

Արարատյանի պնդումներից ստացվում է, որ աղիքային ցուպիկով պանիր չի իրացվել բնակչությանը։ Սակայն նոյեմբերի 8-ին, երբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը հրապարակում էր պանիր արտադրող 18 ընկերությունների անունները, վարչապետ Տիգրան Սարգսյանը հարկ համարեց շեշտել. «Առաջին հերթին մենք պետք է հրապարակային դարձնենք այս արտադրողների, ձեռնարկությունների, պանրի տեսակի անունները, որպեսզի մեր քաղաքացիները չօգտվեն դրանցից, եթե վաճառքում հանդիպեն նման ապրանքատեսակներ, ապա հրաժարվեն դրանցից»։

Զարգացնել ռուսների անգլերենը
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի՝ ասուլիսին ներկա գտնվելու հիմնական նպատակը «Հայկական պանիր» ծրագրի վերաբերյալ պարզաբանումներն էին։ Ըստ նրա՝ 2009թ. պանրագործները դիմել են վարչապետին՝ խնդրելով աջակցել ապրանքատեսակի արտահանման հարցում։ Արդյունքում 2010թ. Զարգացման հայկական գործակալությունը Պանիր արտադրողների միության հետ համատեղ 50/50 սկզբունքով ստեղծել է «Հայկական պանիր» ընկերությունը։ Հիմնական նպատակը ավելցուկային հայկական պանրի արտահանմանն օժանդակելն է։

Գործակալության միջոցով ծրագրին ֌3 մլն է հատկացվել, ստեղծվել է «Հայկական պանրի» կայքը։ Այդ ծրագրով երկու խմբաքանակ հայկական պանիր է արտահանվել Ռուսաստան։ 2011թ. պանրի ավելցուկ չի եղել, ներքին շուկայում գներն աճել են պահանջարկի աճի պատճառով։ Ըստ Հարությունյանի՝ ծրագրի իրականացման ընթացքում պարզվել է, որ պանրագործները չեն կարողանում պատշաճ որակի ու քանակի պանիր ապահովել:

«Օրակարգի» հարցին, թե ինչու ստեղծված կայքը չի աշխատում, և մինչև հայկական պանրի արտահանման ծրագրի իրականացումն ավելի նպատակահարմար չէր ուսումնասիրել առաջարկն ու որակը, Հարությունյանն ասաց, որ կայքն աշխատում է, բայց անգլերեն տարբերակով։ «Հայկական պանրի ընկերությունն արտահանման ուղղվածություն ունի, և ենթադրել, որ ռուսական շուկայում կամ Միացյալ Նահանգներում հայերեն են կարդալու, մի քիչ այդպես չէ։ Մեր հիմնական նպատակը նախնական կայքի անգլերեն տարբերակի ստեղծումն է, որը, կարծում ենք, նպատակահարմար է»,– ասաց Հարությունյանը։

Ի դեպ՝ armcheese.com-ում չի գործում կայքի ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն տարբերակը, այն դեպքում, երբ այս տարվա ինը ամիսներին Հայաստանից արտահանված 707 տոննա պանրի 90%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, և 2,4%-ը ԱՄՆ-ին։

Մեկնաբանել