Քանդակագործը Գյումրիից

Միանգամայն ճիշտ են այն խոսքերը, թե Հայաստան աշխարհում ամենից դժվարը քանդակագործ լինելն է: Մի լեռնաշխարհ, որտեղ ամեն քայլափոխի բնությունն անձեռակերտ հրաշքներ է գործել, և որտեղ յուրաքանչյուր քար ունակ է խաչքար ծնելու: Այդ խոսքերը, սակայն, երիցս ճշմարիտ են Գյումրիում, որտեղ դեռ հատու է գյումրեցի վարպետի հատիչը, զրնգուն՝ նրա մուրճի ձայնը: Բայց և հենց հայոց լեռնաշխարհում կարելի է դառնալ իսկական քանդակագործ, Գյումրվա հնօրյա վարպետների խոսքն ու զրույցը լսելով՝ ըմբռնել քարի ոգին ու նրա հետ դաշն կնքել ողջ կյանքի ընթացքում:

Նման միջավայրում է հասակ առել և իր ստեղծագործական առաջին քայլերն արել գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը: Սովորել է ծննդավայրի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, ապա հաճախել է տեղի գեղարվեստատեխնիկական ուսումնարան: Վերջինիս հաջորդել են ուսումնառության տարիները Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում:

Համընդհանուր հետաքրքրությունը, սակայն, երիտասարդ արվեստագետի անվան շուրջ սկսվեց 1983թ. Հայաստանի Նկարչի տանը ներկայացված դիպլոմային աշխատանքից, որը պատկերում էր մեր ազգային հերոս Անդրանիկին: Շատերը թերևս այդ առիթով առաջին անգամ շտապեցին իմանալ երիտասարդ քանդակագործի անունը, նրա ով լինելը: Զորավարի կերպարը, որ խաղաղ վեհություն էր արտահայտում, ներամփոփ էր՝ ձախ ձեռքը դրած թրին, աջով բռնած ձիու սանձը: Մտախոհ էր զորավարի սևեռուն հայացքը, որն ուղղված էր դեպի ներքև: Կարծես հեղինակը նրան արձանացրել էր հանրահայտ խոսքն արտաբերելու պահին՝ Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց…

Քանդակագործի մյուս աշխատանքները ևս ունեն շեշտված ազգային նկարագիր: Նա ստեղծել է մեր մշակույթի երևելի գործիչների մի ողջ քանդակաշար՝ «Մխիթար Գոշ», «Նահապետ Քուչակ», «Սայաթ Նովա», «Դանիել Վարուժան», «Սիամանթո» և այլն:

Շատերը հավանաբար կհիշեն Արտուշ Պապոյանի «Լեոնիդ Ենգիբարյան» քանդակը՝ ժամանակին ցուցադրված Նկարչի տանը կազմակերպված հոբելյանական ցուցահանդեսներից մեկում: Լուսառատ սրահի աչքի ընկնող տեղում կանգնած էր մնջախաղի մեծ վարպետի միաֆիգուր կոմպոզիցիան: Չի կարելի ասել, թե պարզապես կանգնած էր, այլ յուրահատուկ կեցվածքով թախծոտ ժպիտ էր բաժանում իր մոտով անտարբեր չանցնող այցելուներին:

Արտուշի քանդակները, որոնք հատկորոշվում են ավանդականի և ժամանակակից ձևակերտության նորարարական սկզբունքների համադրմամբ, ի ցույց են դնում տեղական կոլորիտի ողջ ներկապնակը: Վկայություններից մեկը «Գյումրեցիներ» եռաֆիգուր կոմպոզիցիան է, որտեղ առնչվում ենք տիպաժների հակադրության հետ: Զրուցակիցներից մեկը նիհար է ու բարձրահասակ. քաղաքացիները նրան անմիջապես կնքեցին «Պոլոզ Մուկուչ» անունով: Մյուսներն ավելի գեր են ու ցածրահասակ՝ արված գրոտեսկային շեշտվածությամբ: Դիտողն ակամա մասնակից է դառնում նրանց «զրույցին», լսում գյումրեցիների կատակախառն-զարմացական խոսքը:

Քանդակային ինքնատիպ լուծման հաջողված օրինակ է նաև «Աղավնիներ» աշխատանքը, որի կոմպոզիցիան ամբողջապես կառուցված է աղավնաթև ճախրանքի վրա:

Շուտով Գյումրիի կենտրոնական այգում կտեղադրվի Արտուշ Պապոյանի «Քաջ Նազար» տուֆակերտ աշխատանքը: Հետաքրքիր լուծում է տրված նաև այս կերպարին: Ժողովրդական բանահյուսության հերոսն առոք-փառոք բազմած է իր բախտի թախտին՝ հզորության ու իշխանության մարմնացում հանդիսացող վագրի մեջքին: Քանդակը լուծված է ընդհանուրի և մանրամասների հակադրությամբ, ոճավորված է և դիտելի բոլոր կողմերից:

«Ինքնաքանդակ-1988»-ը, որ կազմված է երկու կիսադեմերի չհամընկնող մակերևույթներից, արտահայտությունն է արվեստագետի բեկված հոգու և ներքին խռովքի: Չէ՞ որ այդ տարին մեր ժողովրդի համար հույսի ու հուսաբեկման տարի էր, ազգային ոգու վերազարթոնքի ու միաժամանակ կործանարար երկրաշարժի տարի: Սույն քանդակն այդ լարված և ոչ սովորական տարվա գեղարվեստական լավագույն ընդհանրացումներից է։

Շատերի նման այս քանդակագործն էլ աղետի պատճառով կորցրեց հարազատներին: Վնասվեցին նաև նրա բազմաթիվ գործեր: Բայց Արտուշը մի օր անգամ չլքեց իր հարազատ բնակավայրը: «Այս քաղաքը իմ ճակատագիրն է»,– սիրում է կրկնել նա և երազում է այն օրվա մասին, երբ գյումրեցի բոլոր արվեստագետները կվերադառնան իրենց հայրենի ոստանը: Զարմանալի բան է. նա ոչ միայն չդադարեց երկրաշարժին հաջորդած տարիներին ստեղծագործելուց, այլև հանդես բերեց ստեղծագործական նախանձելի ակտիվություն: Դա հավանաբար կարելի է բացատրել բաց թողածը լրացնելու ու գերազանցելու ցանկությամբ և, անշուշտ, իր սիրելի քաղաքը շենացնելու ու գեղեցկացնելու գովելի մտադրությամբ:

Այսօր անպատկերացնելի է Գյումրիի քաղաքային միջավայրն առանց Արտուշ Պապոյանի կոթողային արձանների, որոնք զարդարում են արվեստասեր այդ քաղաքի հրապարակներն ու պուրակները: Թվենք դրանցից մի քանիսը. Գարեգին Նժդեհի արձանը համանուն հրապարակում (1993), «Սասունցի» (2000) և «Հովհարով աղջիկը» (2001) քանդակային կոմպոզիցիաները «Նանե» հյուրանոցային համալիրի բակում, «Հայուհու» արձանը Անկախության հրապարակում (2002), «Ջիվանու ու Շերամի» քանդակը քաղաքային զբոսայգու դիմաց (2006) և, վերջապես, «Վարդանանք» արձանախումբը Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում (2008): Սրանցից յուրաքանչյուրն առանձնանում է կերպարին համահունչ քանդակային ձևերի ընտրությամբ և միավորվում նույն հեղինակի գեղարվեստական լեզվի ընդհանրությամբ:

Գյումրեցիները (ի տարբերություն Երևանի) պահպանեցին համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի արձանի պատվանդանը քաղաքի կենտրոնական հրապարակում: Վերջինիս վրա այսօր բարձրանում է Արտուշի «Հայուհին»՝ ընդգծված կանացիությամբ, որն իրականում Տիրամորն է մարմնավորում՝ ավետման գաղափարով:

Շարունակելով երիտասարդ տարիներին իր իսկ կերտած ազգային հերոսների պատկերաշարը՝ քանդակագործը կերտեց նաև մեծ զորավար Գարեգին Նժդեհի արձանը: Կամենալով շեշտել Լեռնահայաստանի փրկչի առաքելությունը՝ հեղինակը կերպարի դիմահայաց բարձրությամբ անցնող լեռնաշերտի միջոցով քարքարոտ ռելիեֆի պատրանք է ստեղծել:

Հատուկ պետք է անդրադառնալ «Վարդանանք» արձանախմբին, որը տակավին պատշաճ գնահատականի չի արժանացել մասնագետների կողմից: Մինչդեռ իր վեհությամբ և հերոսական հուժկու լիցքերի պարունակությամբ այն հայրենասիրության բրոնզյա դասագիրք կարող է ծառայել ներկա ու գալիք սերունդների համար: Թուրն ու խաչը բռնած Վարդան զորավարն ասես երկնքից իջած լինի:

Նա շրջապատված է իր զորախմբով, որի մաս են կազմում ժամանակի հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցին, մի ձեռքին սուր և մյուս ձեռքին ավետարան՝ Ղևոնդ Երեցը, զորական իշխան Արշավիր Կամսարականը և Մեծ տիկին Սահականույշը: Բրոնզի օգտագործումը հնարավորություն է տվել ընդգծելու ոչ միայն Վարդանանց հերոսամարտի յուրաքանչյուր մասնակցի ազդու կեցվածքը, այլև նրանց դիմագծերի ազնվությունն ու հոգու վեհությունը: Եթե Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» բազմաֆիգուր նկարը Ավարայրի ճակատամարտի գեղանկարչական առայժմ չգերազանցված մեկնաբանությունն է, ապա Արտուշ Պապոյանի համանուն կոմպոզիցիան ևս անմրցելի է որպես հիշյալ պատմական թեմայի ժամանակակից քանդակային ընթերցում։

Արտուշը բառացիորեն օրերս ավարտեց ևս մեկ մոնումենտալ արձանախումբ՝ նվիրված Քրիստոս Փրկչին: Այն կրում է «Եկել եմ փրկելու աշխարհը» վերնագիրը և ներկայացնում է Հիսուս Քրիստոսի 12-մետրանոց գեղադիր կոթողը՝ առջևում ունենալով Ադամի ու Եվայի ապաշխարող կերպարները: Դասական մոտեցմամբ հատկորոշվող այս քանդակախումբը շատ շուտով կտեղադրվի Սիրիայի Սիդնայա քաղաքին մերձ գտնվող Քերովբեների վանքում: Հուսանք, թե այն վերջ կդնի բարեկամ արաբ ժողովրդի բոլոր տառապանաց:

Չմոռանանք մատնանշել ևս մեկ ուշագրավ փաստ. Արտուշն ինքն է իր երեք որդիների հետ սկզբից մինչև վերջ քանդակում, մեծացնում և ձուլում իր բոլոր կոթողային աշխատանքները: Միաժամանակ նա իր հարուստ փորձն է փոխանցում գյումրեցի ապագա քանդակագործներին՝ դասավանդելով տեղի Մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժնում:

Մեկնաբանել