Տուգանք` Ֆեյսբուքում Էրդողանի ծաղրանկարը տեղադրելու համար

Թուրքական թերթերից մեկում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող ու նրա ծաղրանկարները պարունակող հոդվածը Ֆեյսբուքի իր էջում տեղադրելու համար Թուրքիայի քաղաքացի Իբրահիմ Դամաթօղլուն կտուգնավի:

Bianet-ի հաղորդմամբ` Անկարայի փոստահեռագրական գրասենյակում աշխատող Իբրահիմին թուրքական դատարանը «պետական պաշտոնյային վիրավորելու» մեղադրանք է ներկայացրել: Նա պարտավորել է վճարել ավելի քան 6 հազ. լիրա, թեև նրան սպառնում էր մինչև երկու տարի ազատազրկում:

Ծաղրանկարում Էրդողանը պատկերված է եղել Հիտլերի տեսքով: Դատարանից դուրս գալուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին` Իբրահիմն ասել է, որ ինքը չի ծաղրել և վիրավորել Էրդողանին, պարզապես տեղադրել է այդ նյութը: Բացի այդ` «գողերի և մարդասպանների վարչապետ» արտահայտությունը ոչ թե իրենն է, այլ Ֆիդել Կաստրոյինը: Նա դատարանի այս քայլը խոսքի իրավունքի սահմանափակում է որակել:

Հետաքրքիր է, որ քաղաքացի Իբրահիմը նախկինում էլ համանման իրավիճակներում է հայտնվել: Նրան կրկին մեղադրել են Էրդողանին և նրա գլխավորած կառավարությանը վարկաբեկող և նվաստացնող նյութեր տարածելու մեջ և պատասխանատվության ենթարկել:

Մեկնաբանել