Ոչ թե նորից, այլ կրկին

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ծեծի միջոցով նարկոմաններին (և ոչ միայն նրանց) պատժելու հակումներ ունեցող Ռուբեն Հայրապետյանը ծեծի է ենթարկել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին: Թեև Հայրապետյանը ժխտում է լուրերը, և գոյություն ունի անմեղության կանխավարկած, ՀՖՖ նախագահի ու նրա շրջապատի վարքագիծը հուշում է, որ շրջանառվող տեղեկությունները կարող են և հեռու չլինել իրականությունից։ Դեռևս թարմ են Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բժիշկ, սպա Վահե Ավետյանի սպանության հիշողությունները։

Իշխանության վերին օղակների հովանավորությունը վայելող Հայրապետյանն իր աշխատակիցների կողմից Վահե Ավետյանի սպանության համար փոխհատուցեց ընդամենը պատգամավորական մանդատը վայր դնելով, որը, ի դեպ, նրան պետք էլ չէր։

Հայրապետյանի մանդատն ավելի շատ Սերժ Սարգսյանին էր պետք՝ բազմաթիվ ռուբենհայրապետյանների միջոցով խորհրդարանական ընտրություններում «հաջողություն» գրանցելու համար։ Քրեաօլիգարխիկ տարրը խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ մեծամասնությունն ապահովելու համար զուտ գլխաքանակ էր ապահովում։

«Վերարտադրման գործում մատուցած ծառայությունների» դիմաց Ռուբեն Հայրապետյանին և նրա նմաններին իշխանությունը բնականաբար պարգևատրելու կամ օժտելու էր օրենքից վեր կանգնելու ու այլ մեթոդներով խնդիրներ լուծելու լիազորություններով։
Ու երբ պարզվի, որ Ռուբեն Հայրապետյանը դաժան ծեծի է ենթարկել «Փյունիկի» բժիշկ Վարդան Հովասափյանին, ապա երկրում օրինականության և արդարության մթնոլորտ հաստատելու վերջին շրջանի այդքան գովազդվող քայլերը ընդամենը հերթական իմիտացիան կդառնան։

Վահե Ավետյանի սպանության հետ կապված իշխանությունների ու մասնավորապես իրավապահ մարմինների արձագանքը (նաև հանդեպ Ռուբեն Հայրապետյանի), մեղմ ասած, ադեկվատ չէր։ Իսկ քրեաօլիգարխիկ տարրի առաջ քաղաքական իշխանության պարտական լինելու հանգամանքը միշտ էլ ծնելու է անպատժելիության մթնոլորտ ու նոր հանցագործություններ։

Մեկնաբանել