Գործարարների համար Հայաստանը լավագույն 77-րդն է. Forbes

Forbes ամսագիրը, օգտվելով Heritage Foundation-ի, Transparency International-ի, Freedom House-ի Համաշախարհային տնտեսական ֆորումի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության 2011թ. տվյալներից, կազմել է «Գործարարության համար լավագույն երկրների» վարկանիշային աղյուսակը։

141 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը՝ ընդամենը մեկ կետով գերազանցելով Զամբիային (78-րդ տեղը) ու վեց կետով հետ մնալով Նամիբիայից (71-րդ տեղը)։

Համեմատության համար նշենք, որ Վրաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 50-րդ տեղը, Թուրքիան՝ 52-րդը, Ադրբեջանը՝ 73-րդը, Իրանը՝ 131-րդը։

Վարկանիշային աղյուսակը կազմելիս հեղինակները հաշվի են առել10 ենթացուցիչներ՝ տնտեսություն և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում։

Ըստ զեկույցի հեղինակների՝ առևտրի ազատության ենթացուցիչով Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցրել է 39 տեղը, ֆինանսական շուկայի ազատություն ենթացուցիչով՝ 98-րդը, մասնավոր սեփականության պաշտպանության ենթացուցիչով՝ 99-րդ տեղը, նորարությունների ենթացուցիչով՝ 96-րդը, տեխնոլոգիաների ենթացուցիչով՝ 90-րդը, բյուրոկրատիայի ենթացուցիչով՝ 10-րդը, ներդրումների պաշտպանության ենթացուցիչով՝ 24-րդ տեղը, կոռուպցիայի ենթացուցիչով՝ 113-րդը, քաղաքացու ազատությունների ենթացուցիչով՝ 109-րդը, հարկային բեռի ենթացուցիչով 81-րդ տեղը։