Բեյրութում բացվել է Կալենցի ցուցահանդեսրը

Նոյեմբերի 13-ին Բեյրութի «Սոլիդեր» ցուցասրահում կայացել է հռչակավոր հայ նկարիչ Հարություն Կալենցի ցուցահանդեսի պաշտոնական բացումը, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Բացման խոսքով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանը ողջունել և շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի աջակիցներին և հովանավորներին և ընդգծել հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների բարձր մակարդակը: Անդրադառնալով Հարություն Կալենցի կենսագրությանը և ստեղծագործական կյանքի մանրամասներին` դեսպան Քոչարյանը բարձր է գնահատել Կալենց ընտանիքի անդամների ջանքերը Երևանում 2010թ. թանգարան բացելու ուղղությամբ և ավելացրել, որ Հարություն Կալենցը եղել և մնում է եղբայրական երկրների՝ Հայաստանի և Լիբանանի, բարեկամության խորհրդանիշ: 

Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լռյունը խոստովանել է, որ այս տարի ապրիլին Երևանում, ծանոթանալով Հարություն Կալենցի գործերին, նա իր համար բացահայտեց հայ ժողովրդի բարձր արվեստը և տաղանդը: Նախարարը խոստացել է լիբանանյան և հայկական արվեստի միջազգային փառատոն կազմակերպել հայաբնակ Անջարում:

Շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև «Սոլիդեր»-ի գլխավոր տնօրեն Մունիր Դվեյդին, որը նշել է, որ, թեև առաջին անգամ է մասնակցում ազգությամբ հայ արվեստագետի գործերի ցուցադրությանը, սակայն մեծ հաճույքով և հպարտությամբ է հյուրընկալում նման տաղանդավոր նկարչի գլուխգործոցները:

Այնուհետև լրատվամիջոցների հարցերին պատասխանել է Հարություն Կալենցի որդին` Սարո Կալենցը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 26-ը: