Մուրսին և Էրդողանը քննարկել են Գազայի հարցը

Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները` վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները:

Նշվում է, որ Գազայի և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում ստեղծված լարված դրությունը երկու երկրների ղեկավարների միջև առավել մանրամասն կքննարկվի առաջիկա շաբաթ օրը, երբ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս:

Ավելի վաղ թե´ Թուրքիան, թե´ Եգիպտոսը խստորեն դատապարտել էին Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումը, իսկ Թուրքիայի արտգործնախախար Ահմեդ Դավութօղլուն մեղադրել էր Իսրայելին մարդկության դեմ կատարած հանցագործության մեջ: Այսօր էլ Եգիպտոսի վարչապետ Հիշամ Կանդիլին այցելել է Գազայի հատված` հայտարարելով, որ Գազան իսլամական համայնքի սիրտն է:

Երեկ  հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը: Նրա խոսքով` Իսրայելը և Թուրքիան պիտի քննարկեն Գազայում ստեղծված իրավիճակը և լուծման ուղիներ գտնեն: Հետաքրքիր է, որ իսրայելական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս առաջարկել է բանակցություններ սկսել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն Թուրքիան  նախապայմաններ է առաջ քաշել: Այժմ Գազայի խնդրի շուրջ Թուրքիան պատրաստ է բանակցել Իսրայելի հետ:

Վերջին օրերին Գազայի և Իսրայելի միջև փոխադարձ ռմբակոծություններ են տեղի ունենում, ինչի հետևանքով տարածաշրջանում դրությունը թեժանում է: