Սոցիալապես խոցելի ընտանիքների աշխատունակ անձանց պետք է աշխատանքով ապահովել. Տ. Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկած «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանի բացմանը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Ձևավորվել է պետություն-մասնավոր համագործակցության նոր հարթակ՝ վարչապետի գլխավորությամբ, որի նպատակն է բացահայտել ՀՆԱ-ի ներուժ ունեցող արդյունաբերական տարբեր ճյուղերի առավելությունները: Համաձայնագրերի միջոցով 2-3 ճյուղերում արդեն իսկ հստակեցվել են պետության և մասնավորի պարտավորություններն ու գործողությունները: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ըստ ճյուղերի պետության քայլերը խիստ տարբեր են, չկան ունիվերսալ գործիքներ, որոնք կվերաբերեն բոլոր ուղղություններին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ սոցիալական բնագավառում պետությունը կատարել է արմատական փոփոխություններ և գործադիրի նպատակն է պայքարել ոչ թե սոցիալական խնդիրների և աղքատություն ծնող հետևանքների, այլ դրանց պատճառների վերացման ուղղությամբ:

«Աղքատություն ծնող պատճառները կրթության և աշխատատեղերի բացակայությունն են: Աղքատ ընտանիքներում կրթվածության մակարդակը շատ ցածր է, քանի որ կրթությունը հասանելի չէ: Այսուհետ վերջիններիս կրթության ծախսերը պետությունը վերցնելու է իր վրա և աղքատությունը չպետք է պատճառ հանդիսանա, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները կրթություն չստանան: Դրանով պայմանավորված էլ 2013թ. պետական բյուջեի ֆինանսական միջոցների վերաբաշխումը կատարել ենք ի օգուտ այս ռազմավարության: Լրացուցիչ միջոցներն ուղղելու ենք կրթական ծրագրերի իրականացմանը, առաջին հերթին աղքատ ընտանիքների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ հաջորդ խնդիրը սոցիալապես խոցելի ընտանիքների աշխատունակ անձանց աշխատանքով ապահովելն է: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս առումով բարդ հոգեբանական իրավիճակ է ստեղծվել. անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ:

«Պետք է հաղթահարենք այս հոգեբանական բարդույթը, որպեսզի մարդն իր աշխատանքով ապահովի իր ընտանիքի կենսունակությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Մեկնաբանել