Վրաստանը կանդամակցի միայն ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին. Փանջիկիձե

Արևմտամետ ուղեգիծը վրացի ժողովուրդն ինքն է ընտրել, և յուրաքանչյուր իշխանություն պետք է հետևի ժողովրդի կամքին: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ուղեգիծն անփոփոխ կմնա, քանի որ մարդկությունն ավելի լավ բան չի մտածել, քան ժողովրդավարությունն ու լավ զարգացած ժողովրդավարական ինստիտուտներն են:
«Վրաստանի՝ դեպի Եվրոպա ձգտելը չի սկսվել  նախկին իշխանությունների ժամանակ, և այն դարերի պատմություն ունի»,-ասել է Փանջիկիձեն:

«Մեր երկիրը մեծ դժավարությամբ է անկախություն ձեռք բերել և երբևէ դրանից չի հրաժարվի: Մենք հստակորեն հետևում ենք եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ուղեգծին, և դա անշրջելի գործըթնաց է: Միակ միավորումը, որին Վրաստանը կանդամակցի, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն են: Որևէ այլ ճանապարհ երկիրը չունի, և որևէ իշխանություն դրանից չի հրաժարվի», -ասել է Փանջիկիձեն: