«Արարատբանկը» կվարկավորի էներգախնայողությունը

Հարավարևելյան Եվրոպայի Green for Growth Fund հիմնադրամն օժանդակում է Հայաստանում էներգախնայողության միջոցառումների իրականացմանն ու այլընտրանքային էներգահամակարգի զարգացմանը։ Այսօր հիմնադրամի խորհրդի անդամ Միքայել Մորշելը և «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը ստորագրեցին $5 մլն-ի վարկային պայմանագիր։

Ըստ Օսիպյանի՝ վարկային միջոցներն ուղղվելու են երեք ուղղություններով. ֆիզիկական անձանց՝ էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանը, փոքր և միջին բիզնեսին՝ էներգաարդյունավետության միջոցառումների իրականացմանը, միջոցների մի մասն էլ կուղղվի փոքր հէկերի և այլ այլընտրանքային էներգիայի աղբյուրներով աշխատող կայանների կառուցմանը։

Օսիպյանի խոսքով՝ ֆիզիկական անձանց վարկերը կտրամադրվեն էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրման, պատերի ջերմամեկուսացման, էներգախնայող ջեռուցման և լուսավորության սարքավորումների ներդրման համար։

«Հաշվարկները ցույց են տալիս, որ ֆիզիկական անձանց վարկի չափը չի գերազանցում $20 հազ-ը, իսկ այս ծրագրով առավելագույն գումար սահմանված է $50 հազ-ը»,- ասաց Օսիպյանը՝ հավելելով, որ, կախված ծրագրի բաղադրիչներից, վարկի տոկոսադրույքը կտատանվի 11-14%-ի սահմաններում, իսկ մարման առավելագույն ժամկետը կլինի 5 տարի։

Միքայել Մորշելի խոսքով՝ հաշվարկները ցույց են տալիս, որ վարկային այս ծրագրի միջոցով հնարավոր կլինի էներգիայի խնայողությունը հասցնել առնվազն 20%-ի, ինչը համարժեք է տարեկան կտրվածքով 19,58 Մվտ-ի խնայողության և 4,4 հազ. տոննա CO2 գազի արտանետման կրճատման։

ՍիվիլՆեթ-ի հարցին, թե KfW բանկի (հանդիսանում է Green for Growth Fund-ի հիմնադիրներից) և միջազգային ֆինանսական այլ կառույցների կողմից Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի և էներգաարդյունավետության լայնածավալ վարկավորումը որքանո՞վ է պայմանավորված Մեծամորի ատոմակայանը փակելու ԵՄ-ի պահանջի հետ, Մորշելը նշեց, որ «Արարատբանկի» առջև ատոմայականի փակման պայման չի դրված։ «Այս վարկային ծրագրի նպատակն է օժանդակել տնտեսություններին՝ նվազեցնելու էներգետիկ ծախսերը և ի վերջո օժանդակելու տնտեսության զարգացմանը»,- ասաց նա։

Նշենք, որ Green for Growth Fund-ը ստեղծվել է 2009թ., գերմանական KfW և Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Եվրահանձնաժողովի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ։

Օրերս գերմանական KfW բանկը Հայաստանի Կենտրոնական բանկի հետ ստորագրել է «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակում €40 մլն-ի վարկային պայմանագիր։ Այս ծրագրի երկու փուլերով Հայաստանին արդեն տրամադրվել են €27 մլն-ի միջոցներ, որից €24 մլն-ը՝ վարկային միջոցներ։ Դրանք հայկական բանկերի միջոցով ուղղվել են 26 փոք հէկի կառուցման վարկավորմանը։

Թեև կառավարությունը արդեն հայտարարել է 2016թ. հետո Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու վերաբերյալ, ԵՄ-ն շարունակում է պնդել, որ 2016թ. հետո անհրաժեշտ է դադարեցնել ատոմակայանի շահագործումը։

Մեկնաբանել