Ինձ անվանում են աշխարհի ամենաաղքատ նախագահ…

Աշխարհի բոլոր երկրներում էլ մարդիկ գանգատվում են վատ կյանքից՝ ասելով, թե քաղաքական գործիչներն անտեղյակ են հասարակ ժողովրդի վիճակից: Սակայն՝ ոչ Ուրուգվայում: Այս երկրի նախագահը վարում է ճգնավորի կյանք՝ բավարարվելով բուսակերությամբ և ֆերմայում գտնվող փոքր տնով՝ աշխատավարձի մեծ մասն ուղղելով բարեգործությանը: Խոսե Մուխիկայի «նստավայրի» անվտանգությունն ապահովում են երկու ոստիկան ու եռոտանի մի շուն:

Նախագահ Մուխիկան հրաժարվում է ապրել նախագահական պաշտոնական նստավայրում:  Նա կնոջ հետ գերադասում է ապրել մայրաքաղաք Մոնտեվիդեոյից ոչ հեռու գտնվող ֆերմայում՝ աճեցնելով ծաղիկներ և հրաժարվելով վարձու աշխատողների ծառայություններից: Ճգնավորի կենսակերպի համար Մուխիկային անվանում են աշխարհի ամենաաղքատ նախագահ:

«Ես այսպես եմ ապրում ամբողջ կյանքս: Ես շատ լավ եմ ապրում այն ամենով, ինչ ունեմ», – ասում է Մուխիկան:

Նախագահն իր աշխատավարձի 90%-ը նվիրաբերում է աղքատներին և փոքր բիզնեսին աջակցող բարեգործական կազմակերպություններին: Արդյունքում նրա աշխատավարձը հավասար է միջին աշխատավարձին Ուրուգվայում՝ ամսական 775 դոլար:

Խոսե Մուխիկան Ուրուգվայի նախագահ է ընտրվել 2009թ.: 1960-1970-ականներին Կուբայի հեղափոխությունից ոգեշնչված «Տուպամարոս» ձախ շարժման կազմում նա մասնակցել է մարտական գործողությունների: Նախագահը 14 տարի անցկացրել է բանտում, և ազատ է արձակվել 1985թ., երբ Ուրուգվայում կրկին ժողովրդավարություն է հաստատվել:

Նախագահի խոսքով՝ հենց ազատազրկության տարիներին են ձևավորվել իր հայացքները:

«Ինձ անվանում են ամենաաղքատ նախագահ, սակայն ես ինձ աղքատ չեմ զգում: Աղքատ են նրանք, որոնք միայն աշխատում են հանուն ճոխության մեջ ապրելու: Նրանք անընդհատ ձգտում են ավելիին: Սա ազատության հարց է: Եթե դուք քիչ բան ունեք, անիմաստ է աշխատել ստրուկի պես այդ բաներն ունենալու համար: Արդյունքում ավելի շատ ժամանակ կունենաք ձեզ համար», – ասում է Մուխիկան: