Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը հանդիպել է Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբին

Նոյեմբերի 16-ին ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները և խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ՀՀ վարչապետի և արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ քննարկված Հայաստան-Ուրուգվայ տնտեսական կապերի զարգացման կարևորությունն ու առևտրաարդյունաբերական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը՝ հանդիպմանը հրավիրվել են նաև գործարարներ:

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն ներկայացրել է Ուրուգվայի աշխարհագրական, պատմական, քաղաքական ու տնտեսական առանձնահատկությունները՝ նշելով, որ իր երկրի զարգացման առաջնահերթությունների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում քաղաքական, տնտեսական ու սոցիալական կայունությունը, աշխարհի համար բաց լինելու, ներդրումների համար բարենպաստ դաշտ ստեղծելու հետևողական քաղաքականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Խորխե Օռիկոյի գնահատմամբ՝ Ուրուգվայի որդեգրած քաղաքականության արդյունավետությունն ու տարբեր ոլորտներում արձանագրած հաջողությունները պայմանավորված են օրենսդրական դաշտի անընդհատ կատարելագործմամբ ու դրանց կիրառման հստակ մեխանիզմների ներդրմամբ: Լատինաամերիկյան ամենափոքր երկրներից մեկը լինելով և ունենալով 3,3 մլն բնակչություն՝ Ուրուգվայը մեծ հաջողություններ է արձանագրել տնտեսության տարբեր ոլորտներում, առևտրական հարաբերություններ է հաստատել աշխարհի 120 երկրների հետ և իրավամբ համարվում է Հարավային Ամերիկայի ամենաժողովրդավարական երկիրը: Ըստ Ուրուգվայի խորհրդարանի նախագահի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իր երկրի գրանցած հաջողությունների վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դատապարտել այն: Դա փաստում է նաև այն մասին, որ Ուրուգվայի համար մարդու իրավունքներն ավելի բարձր են դասվում, քան տնտեսական շահերը:

Այնուհետև Հայաստանի և Ուրուգվայի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտներն ու ներդրումային հնարավոր ուղղությունները: Մասնավորապես քննարկվել են դեղագործության, ագրոարդյունաբերության, տուրիզմի, շինանյութերի արտադրության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ու գիտական ասպարեզում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները:

Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկել է գործարարների ավելի ընդլայնված կազմով հանդիպումներ կազմակերպել, քննարկել ներդրումային բոլոր հնարավորությունները և իրատեսական ու գործնական քայլեր ձեռնարկել: