ԱԺ արտահերթ նիստի օրակարգը ժամանակավրեպ է. ՀՀԿ պատգամավոր

ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք հարցերը ժամանակավրեպ են: ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ` 2012թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի արտահերթ նիստ, որի օրակարգում կլինեն Ընտրական օրենսգրքում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում և Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը: Նախաձեռնությունը Հայ ազգային կոնգրեսինն է, որին միացել են ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները, ինչպես նաև «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները:

«Մենք պատրաստվում ենք նախագահական ընտրություններին: Խորհրդարանական մյուս ընտրությունները 2017-ին են, որևէ պատճառ չեմ տեսնում այդքան արագ ընդունելու այդ փոփոխությունները: Որպես օրենք` ընդդիմադիր ուժերը նախընտրական շրջանում այսպիսի առաջարկություններով են հանդես գալիս, բայց երբ ընտրություններն ավարտվում են, նրանք այդ մասին մոռանում են»,- ասաց Աճեմյանը:

Նա դժվարացավ նշել՝ կապահովի արդյոք քվորում, թե ոչ` հավելելով, որ ինքն անպայման կմասնակցի նիստին, եթե ՀՀԿ-ի կողմից քաղաքական որոշում չկայացվի` բոյկոտելու նիստը:

Աճեմյանի համոզմամբ` եթե Ընտրական և Քրեական օրենսգրքերում փոփոխության հարցը քննարկվեր նախագահական ընտրություններից հետո, հնարավոր է` դրանք իրականացվեին, սակայն նրա կարծիքով` հիմա և այս պայմաններում դա անհնար է: