Սիրիայի ՀՔԾ-ն չի պարզաբանել, թե Ավո Գաբրիելյանն ինչ օրենք է խախտել

Սիրիայի հատուկ քննչական ծառայությունները հայտարարել են, որ սիրիահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը ձերբակալված է օրենք խախտելու համար, և մինչև հետաքննության ավարտը որևէ միջնորդություն չի ընդունվելու. այս մասին «Արմենիա» հեռուստատեսության «Ժամը» լրատվականին հաղորդել է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

Հատուկ ծառայությունները, սակայն, չեն պարզաբանել, թե ռեժիսորը հատկապես ինչ օրենք է խախտել. Ավո Գաբրիելյանի ընտանիքի խնդրանքով Սիրիայի հատուկ ծառայություններին էր դիմել Արտակարգ իրավիճակների Հալեպի հայկական շտաբը, սակայն, փաստորեն, ապարդյուն:

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր Civilnet-ը, Ավո Գաբրիելյանն անհետ կորել էր նոյեմբերի 7-ին: Ավոյին վերջին անգամ տեսել էին իր երկու գործընկերների հետ՝ տեսախցիկով Հալեպի հանրային զբոսայգում։

Ավոն աշխատում էր նոր ֆիլմի վրա, որը պատմում է 2011թ․ սկսված սիրիական հակամարտության ընթացքում սիրիացի ժողովրդին պատուհասած մարդասիրական ճգնաժամի և աղետի մասին։

Ականատեսների վկայությամբ՝ Ավոն երկու այլ մարդկանց հետ նոյեմբերի 7-ին տարվել է Սիրիայի գաղտնի ծառայությունների Քաղաքական հետախուզության բաժանմունք։ Նրա ընկերները ստեղծել են ֆեյսբուքյան էջ՝ հայտնելով իրենց աջակցությունը և կոչ անելով ազատ արձակել Ավոյին։ Այսօր նրան ազատ արձակելու կոչ հանդես են եկել մի խումբ հայ արվեստագետներ:

Մեկնաբանել