Մուշ-2 թաղամասում կգործի աշխատանքային խումբ

Ընդառաջելով Գյումրու «Մուշ-2» և  «Անի» թաղամասերի բնակիչների դիմումներին  քաղաքաշինության նախարարի այսօրվա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է արագ արձագանքել նշյալ թաղամասերի բնակիչներից  ներկայացվող բողոքներին և առաջարկություններին, վերահսկել դրանց հետ կապված  աշխատանքների  ընթացքը. տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ վերոնշյալ Գյումրու «Մուշ-2» և  «Անի» թաղամասերի շինարարությունն իրականցվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում և կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությունը պայմանագրային պարտավորությունների համաձայն իրականացնում է երաշխիքային սպասարկում: Քաղաքաշինության նախարարության վերոնշյալ աշխատանքային խումբը կգործի հենց «Մուշ-2» թաղամասում:

Խումբը ղեկավարող քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային բաժնի պետը` համաձայն հրամանի պարտավոր է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին եռօրյա պարբերականությամբ զեկուցել ՀՀ քաղաքաշինության  նախարարին:

Հավելենք նաև, որ նորակառույց թաղամասից բազմաթիվ ահազանգեր են ստացվել շինարարության որակի հետ կապված՝ փլուզվել են առաստաղեր, թափվել է ծեփ, արձանագրվել են այլ խնդիրներ: