«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ը շատ կարևոր գործ է անում. Ջոն Հեֆերն

Այսօր Գաֆեսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (COAF) երրորդ նվիրատվությունների երեկոն էր:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հիմնադիր, խորհրդի ատենապետ Գարո Արմենը նշեց, որ ծրագիրը սկզբում միայն մեկ գյուղում էր, հիմա արդեն տարածվել է 12-ում, սակայն նույն բանաձևով իրականացվող ծրագրի կարիք կա 900 գյուղում:

«Շատ ողջունելի է Հայաստանի մանուկներ հիմնադրամի առաքելությունը: Այն շատ կարևոր է, և տա Աստված, որ Արմեն Գարոն ունենա աջակիցներ, որովհետև իրենց ուղղությունները շատ են: Այն տպավորությունն է, որ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ը միայն երեխաների համար է ծառայում, ոչ, շատ ավելին են անում, ուսուցողականը, ընտանեկանը, տնտեսականը, առողջապահականը: Աստված իրենց ուժ տա, որ իրենք իրենց առաքելությունն անեն և առողջություն Արմեն Գարոյին»,- ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում նշեց «Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հավաստեց, որ COAF-ը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ամերիկայի հարաբերություններում: «Իսկ մենք անում ենք ամեն ինչ նրան աջակցելու համար: Սա հիանալի կառույց է: Շատ կարևոր գործ է անում Արմավիրի մարզում: Ես և կինս այցելել ենք մի քանի գյուղեր և մասնակցել ծրագրերին»,- նշեց նա:

Հիմնադրամն իր բարերարներին, գործընկերներին, բարեկամներին ու շահառուներին ներկայացրեց յուրօրինակ մեկամյա հաշվետվություն` կարևորելով հայաստանյան այն բիզնեսների դերը, ովքեր աջակցում են հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերին: Հաջողված համատեղ ծրագրերի շարքում առանձնացվեցին գործընկերությունները HSBC բանկի Հայաստանյան մասնաճյուղի, «Արմենտել»-ի, «Վիվասել-ՄՏՍ» բջջային կապի օպերատորի, «Օրանժ» հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ: Այս տարի հիմնադրամը նոր գործընկերություններ է հիմնել «Ամերիաբանկ»-ի և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի հետ:

Նվիրատվությունների երեկոյի ընթացքում Հիմնադրամի հյուրերն ու բարեկամները վայելեցին Վարդան Պետրոսյանի, Արթուր Իսպիրյանի, Նյուանս ջազ բենդի բացառիկ կատարումները:

Մեկնաբանել