Պատերազմը զսպող միակ գործոնը մեր զինուժն է. Ս.Օհանյան

Ադրբեջանում վարվող հայատյաց քաղաքականությունը և հակամարտության լուծման ոչ կառուցողական ռազմավարությունը բերում է նրան, որ պատերազմի սպառնալիքը միջինից բարձր վիճակում է. «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ադրբեջանում ոչ միայն հռետորաբանություն է տարվում, այլև՝ հարձակման նախապատրաստական աշխատանքներ են տանում, պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը ռազմական ճանապարհով լուծել»,- հիշեցրեց նա:

Սակայն, ըստ նրա, Ադրբեջանը հարձակման չի դիմի, քանի դեռ մեր բանակն այսքան հզոր է և շարունակաբար զորանում է: «Կարող եմ վստահաբար ասել, որ պատերազմը միակ բացառող երևույթը՝ զսպող երևույթը, մեր բանակի զինուժի՝ մարտական պատրաստականության վիճակն է: Մենք զարգանում ենք, սպառազինվում ենք, և առաջին գծում էլ մերթընդմերթ նրանց դիվերսիոն գործողություններին պատասխան ենք տալիս,- նշեց նա:- Մենք պատրաստ ենք մեր հայրենիքը պաշտպանելու և հարկ եղած դեպքում պատերազմի սլաքը դեպի մեզ ուղղելուն»:

Ըստ նախարարի՝ եթե վերլուծենք ադրբեջանական սպառազինությունը ուղղվածության ու պատրաստության առումով՝ կտեսնենք, որ այն իր օգտակար գործողության գործակցով զիջում է հայկականին: «Ցանկացած ժամանակ մենք կարողանալու ենք պահպանել հավասարակշռությունը. որքան էլ ասեն, որ մենք թվաքանակի առումով զիջում ենք, պատրաստվածության առումով՝ առավելություն ունենք»,- ասաց նա:

Հիշեցնելով, որ երկուշաբթի մեկնարկում է աշնանային զորակոչը՝ նախարարը նշեց, որ հայորդիներին նախապես է պետք պատրաստել հայրենիքին ծառայելուն՝ թե ֆիզիկապես և թե հոգեբանորեն: «Ծնողներին կուզեի դիմել, որ իրենց պատրաստությամբ զորակցեին զորակոչի կայացմանը՝ չտրվեն գայթակղությունների, անարդարությունների: Եվ բոլորին կուզեի ասել, որ առաջին իսկ րոպեից ստեղծվելու են այն պայմանները, որպեսզի իրենք արագ հարմարվեն զինվորական ծառայությանը, քանի որ նորակոչիկների համար նախատեսված զորամասերում ծառայության են նշանակված ամենապատրաստված և բանիմաց սպաները»,- նշեց նա: