Կրճատվել է տրանսպորտային միջոց վարելն արգելող հիվանդությունների ցանկը

Այսօրվանից ուժի մեջ է մտել այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 20-ի «Այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշումը. տեղեկանում ենք «Փաստինֆո» լրատվականից:

Ի տարբերություն մինչ այժմ գործող որոշման՝ կրճատվել է տրանսպորտային միջոց վարելն արգելող հիվանդությունների ցանկը: Նոր ցանկում ներառված են աչքի բացակայությունը, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումը, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումները և արատները, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի: Մինչ այժմ գործող ցանկը բավականին ծավալուն էր. այն ներառում է աչքի և դրա հավելումների, ականջի, վիրաբուժական, նյարդային և հոգեկան, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդություններ:

Այսօրվանից կգործի նաև կառավարության կողմից հոկտեմբերի 18-ին հաստատված ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու նոր կարգը:

Ուժի մեջ է մտել նաև վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման իրականացման կարգը: Ըստ այդմ, մասնավորապես, վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրումն իրականացնում են պոլիկլինիկական բժշկական հաստատությունները, Ճանապարհային ոստիկանության ծառայության գրավոր պահանջագրերի հիման վրա, տրանսպորտային միջոց վարելու պիտանիությունը որոշելու նպատակով` կախված նրանց առողջական վիճակից և ֆիզիկական զարգացածությունից: Տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է պետական պատվերի շրջանակներում, տվյալ անձնանց հայեցողությամբ, ցանկացած պոլիկլինիկական բժշկական հաստատությունում:

Այսուհետ յուրաքանչյուր ամսվա մեկին և տասնվեցին թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունները Ճանապարհային ոստիկանության ծառայությանը էլեկտրոնային կրիչների միջոցով կամ էլեկտրոնային փոստով տեղեկատվություն կտրամադրեն նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին: