Ավելի ու ավելի է կարևորվում ուսանողության դերը. Տ.Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
Ուսանողությունը միշտ եղել և մնում է հասարակական-քաղաքական փոփոխությունների անմիջական մասնակիցն ու հիմնական շարժիչ ուժը:
Ժամանակակից արագ զարգացող ու փոփոխություններով լի աշխարհում ավելի ու ավելի է կարևորվում ուսանողության դերը, որն արտահայտվում է ինչպես քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, այնպես էլ մարտահրավերներին արագ ու համախմբված արձագանքելու ունակությամբ:
Սիրելի ուսանողներ, այսօր դուք ապրում եք ձեր կյանքի ամենավառ, մնայուն հիշողություններով և իրադարձություններով հագեցած շրջափուլը: Դրա հետ մեկտեղ ձեր առջև ունեք կարևոր ու պատասխանատու մի առաքելություն՝ ստանալ որակյալ կրթություն, ձեռք բերել բարձրարժեք գիտելիքներ, որոնք ուղեգիր են դառնալու հետագա ամբողջ կյանքի ընթացում` ինքնահաստատվելու և արժեքներ ստեղծելու համար:
Մենք այսօր բոլորս մեկ նպատակ ունենք՝ կառուցելու, զարգացնելու ու հզորացնելու մեր երկիրը, և համոզված եմ, որ կրթված, նախաձեռնող, համարձակ ու գործուն ուսանողությունը հենց այն ներուժն է, այն կարող ուժը, որ ամրապնդելու է ապագայի հիմքերը:
Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր այն ուսանողական կառույցներին և անձամբ ուսանողներին, որոնք իրենց նախաձեռնություններով մասնակից են եղել մայրաքաղաքում իրականացվող ամենատարբեր ծրագրերին և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը միշտ կանգնած է մեր ուսանողության կողքին և մշտապես աջակից է լինելու բոլոր կառուցողական ձեռնարկումներում:
Կրկին շնորհավորում եմ բոլոր ուսանողներին միջազգային օրվա առթիվ` մաղթում ուժ, եռանդ, համախմբվածություն, ազգային արժեքների պահպանում և բոլոր նվիրական երազանքների իրականացում»,- նշված է ուղերձում: