Ծառայողական մեքենաները խուսափում են գազից

Վերջին մի քանի տարվա ընթացքում նավթամթերքի գների աճն ու Հայաստանի ներքին շուկայում բենզինի թանկացումը վարորդներին ստիպել է անցնել այլընտրանքային վառելիքի՝ գազի։ Պետական համակարգում ծառայողական ավտոմեքենաները, այդուհանդերձ, շարունակում են բենզինով աշխատել, այն դեպքում, երբ միայն այս տարվա ընթացքում անցած տարվա համեմատ 1լ «ռեգուլյար» բենզինը թանկացել է մոտ 15%-ով։ Չնայած մեկ ծառայողական ավտոմեքենային օրական բաժին ընկնող վառելիքի ծավալը բենզինի թանկացման հետևանքով կրճատվել է մոտ 35%-ով, մոտավոր հաշվարկներով գազի անցման դեպքում պետական համակարգում հնարավոր կլիներ տարեկան տնտեսել Դ500 մլն, կամ ճիշտ այնքան, որքան պետբյուջեն նախատեսում է զոհված, հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու համար։

Գալիք տարվա պետբյուջեի նախագծում մեկ ծառայողական ավտոմեքենայի պահպանման տարեկան ծախսը հաշվարկվել է Դ1,2 մլն (պահպանվել է 2012թ. մակարդակը)։ Թեև փաստաթղթում չի նշվում մեկ ավտոմեքենայի վառելիքի ծախսը, բայց հիմք ընդունելով նախորդ տարիների տվյալները, մեկ մեքենայի ընդհանուր պահպանման ծախսերում այն մոտավոր հաշվարկներով կազմում է 70-80% կամ Դ840-960 հազ.։ Հաշվի առնելով բենզինի գների փոփոխությունը՝ պետական գերատեսչությունն ինքն է որոշում տվյալ ամսում ծախսվելիք վառելիքի քանակը։ 2011թ. բյուջեով մեկ ավտոմեքենայի օրական վառելիքի միջին ծախսն ընդունված էր 10լ, այս տարվա և 2013թ. պետբյուջեում այլևս չի նշվում մեկ մեքենայի վառելիքի ծախսը, ինչը պայմանավորված է հիմնականում բենզինի գների փոփոխությամբ։ Արդյունքում, մոտավոր հաշվարկներով, այս տարի մեկ ծառայողական մեքենայի վառելիքի օրական ծախսը կազմել է մոտ 7լ։

Ծառայողական ավտոմեքենաների վառելիքի համար պետբյուջեից ծախսվում է տարեկան Դ850-Դ950 մլն, ինչը կարող է մեծ գումար չթվալ, սակայն այլընտրանքային վառելիքը կարող է էապես կրճատել այս մեքենաների սպասարկման ծախսերը։

Եթե հաշվի առնենք, որ երկրի առաջին դեմքերի և նրանց անվտանգությունն ապահովող ծառայողական մեքենաները անվտանգության պահանջներից ելնելով նպատակահարմար չէ տեղափոխել այլընտրանքային վառելիքի, ապա պետական համակարգի մյուս ծառայողական մեքենաների մասով ըստ էության լուրջ խոչընդոտ չկա։

2013-ին պետական համակարգում սպասարկվելու է 991 ծառայողական ավտոմեքենա, որոնցից առնվազն 950-ը կարող է տեղափոխվել այլընտրանքային վառելիքի՝ գազի։

Հաշվի առնելով, որ գազը որպես վառելիք օգտագործելու համար մեկ ավտոմեքենայի վրա անհրաժեշտ է կատարել միանվագ մոտ Դ400 հազ-ի ծախս, կստացվի, որ պետական համակարգի բոլոր մեքենաները գազի տեղափոխելու համար կպահանջվի Դ380 մլն։ Սակայն դրա արդյունքում վառելիքի ծախսը տարեկան կտրվածքով կկրճատվի Դ560-630 մլն-ով։ Նույնիսկ հաշվի առնելով գազի անցման համար անհրաժեշտ գումարները՝ պետական միջոցներից միայն առաջին տարում կտնտեսվի Դ180-Դ250 մլն, իսկ հաջորդ տարիներին տարեկան տնտեսումը կարող է կազմել շուջ Դ500 մլն։

Առաջին հայացքից սա փոքր գումար է, սակայն համեմատության համար՝ 2013թ. պետբյուջեի նախագծով զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման և բնակարանային պայմանների բարելավման համար նախատեսված է ուղղել Դ500 մլն, իսկ նախադպրոցական կրթությանը՝ Դ300 մլն։

Մեկնաբանել