Հայտնի են Հռոմի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Հռոմի միջազգային 7-րդ կինոփառատոնը, որը մեկնարկել էր նոյեմբերի 10-ին Իտալիայի մայրաքաղաքում, ավարտվել է: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ամերիկացի կինոռեժիսոր Լարի Կլարկի «Աղջիկը Մարֆայից» ժապավենը, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»: Լավագույն ֆիլմն ընտրում էր մասնագիտական ժյուրին, որի նախագահն այս տարի ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Ջեֆ Նիքոլսոն էր։ Հիշեցնենք, որ գլխավոր մրցանակի՝ «Ոսկե Մարկուս Ավրելիուսի» համար պայքարում էր 15 ֆիլմ:

Կլարկի առաջին ռեժիսորական աշխատանքը 1995թ. նկարահանված «Երեխաները» աղմկահարույց ֆիլմն է, որը պատմում է 1990-ականների դեռահասների կյանքի մասին:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել իտալացի ռեժիսոր Պաոլո Ֆրանկին: «Լավագույն դերասան» մրցանակը բաժին է հասել ֆրանսիացի Ժերմենի Էլկայմին, իսկ «Լավագույն դերասանուհի» մրցանակը՝ իտալուհի Իզաբելլա Ֆերարիին:

Հատուկ մրցանակի է արժանացել Կլաուդիո Ջովանեզիի «Ալին երկնագույն աչքեր ունի» ֆիլմը:

Մեկնաբանել