Բրեյվիկը արդարացնում է գերմանացի ահաբեկչուհուն

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը երեքտողանոց նամակ է ուղարկել գերմանական ուլտրաաջ «Ազգային-սոցիալիստական ընդհատակ» խմբավորման կենդանի մնացած միակ ներկայացուցչուհի Բեատա Չեպեին: Մյուս երկու անդամները ինքնասպանություն են գործել, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նամակը, որում նա ահաբեկչուհուն անվանում է «թանկագին քույր», հասցեատիրոջն այդպես էլ չի հասել: Բազմամշակութայնության հակառակորդը նրան հորդորում է հասարակությանը պատմել իր կատարած հանցագործությունների քաղաքական միտումների մասին:

Նորվեգացին իր «կոլեգային» «հերոս» է անվանել, որը պայքարել է բազմամշակութայնությունը և իսլամիզմը Գերմանիայում վերացնելու համար:

Տասներկու տարվա ընթացքում «Ազգային-սոցիալիստական ընդհատակ» արմատական խմբավորման զոհ են դարձել հունացի և թուրք գործարարները, ինչպես նաև կին ոստիկան: Բացի այդ՝ Քյոլնում 2001թ. և 2004թ. խմբավորման անդամների կողմից երկու ահաբեկչական պայթյուն է իրականացվել, ինչի արդյունքում քսան մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: