Հակահարվածը շատ ավելի ուժգին կլինի. Շարմազանովը` Ալիևին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ պատմությունն ու, առհասարակ, Արցախի խնդրի հետ կապված ամբողջ պրոցեսը ցույց է տվել, որ եթե ինչ-որ մեկի ուղեղը հիվանդ է, ապա դա հայկական կողմի հետ որևէ կապ չունի, և դրա վառ ապացույցը Սաֆարովի գործն էր: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ արված այն հայտարարությանը, թե Ադրբեջանն արժանի պատասխան կտա այն հիվանդ ուղեղներին, ովքեր ոտնձգություններ կիրականացնեն:

«Հիվանդ է այն մարդկանց ուղեղը, ովքեր հերոսացնում են մարդասպանին, ովքեր պատրաստ են վճարել մարդասպանի ութ տարվա աշխատավարձը: Հիվանդ են նրանք, ովքեր պետական մակարդակով իրականացնում են ֆաշիզմի և ռասիզիմի քաղաքականություն»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:

Ինչ վերաբերում է հակահարված տալուն, ապա Շարմազանովն ընդգծել է, որ հակահարված միշտ տվել է հայկական կողմը և շատ հաջողված:

«Ալիև կրտսերը պատերազմի ժամանակ Ստամբուլում միլիոններ էր կուտակում և զբաղվում էր բիզնեսով, մարտի դաշտում չէր, դրա համար լավ տեղյակ չէ, թե ինչպես իր նախորդները հարձակվեցին խաղաղություն և ազատություն տենչող արցախահայության վրա և ստացան խիստ հակահարված»,- ասել է նա` հավելելով, որ եթե նրանք կրկին փորձեն ռազմական ուժ գործադրել Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ, ապա հակահարվածը շատ ավելի ուժգին կլինի:

«Ավելի լավ է փոթորիկ չանեն մի բաժակ ջրում»,- ամփոփել է Շարմազանովը:

Մեկնաբանել