Հնարավոր է՝ Կիպրոսը միջազգային դոնորներից €10 մլրդ ստանա

Կիպրոսի կենտրոնական բանկը և միջազգային դոնորների «եռյակը»՝ Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը, կիպրական բանկերի վերակապիտալիզացիայի և երկրի ֆինանսական համակարգի բարեփոխումների շուրջ փոխհամաձանության են եկել: Այս մասին հայտարարել է Կիպրոսի կենտրոնական բանկի պաշտոնական ներկայացուցիչ Ալիկի Ստիլյանուն:

«Կիպրոսը բարդ և երկարատև բանակցություններից հետո իր համաձայնությունն է տվել երկրի ֆինանսական համակարգի հետ կապված գրեթե բոլոր հարցերի շուրջ», -ասել է Ստիլյանուն: Նրա խոսքով՝ սա կայունության վերականգնման և երկրի բանկերի նկատմամբ վստահության վերականգնման համար հիմք կստեղծի: «Վերակապիտալիզացիան և իրացվելության մակարդակի հետագա բարձրացումը կհանգեցնեն տոկոսադրույքների նվազեցմանը և երկրի տնտեսության՝ կապիտալի նկատմամբ պահանջարկի բավարարմանը, ինչը, իր հերթին, դրական ազդեցություն կունենա տնտեսական ակտիվության վրա», -ասել է ԿԲ ներկայացուցիչը:

Կողմերը բանկերի առաջին մակարդակի իրացվելիության կայֆիցենտը 2013թ. համար սահմանել են 9% մակարդակում: Բացի այդ՝ որոշվել է, որ ԿԲ-ն և ֆինանսների նախարարությունը պետք է վերահսկողություն սահմանեն վարկային կոոպերատիվների նկատմամբ: Հաղորդվում է նաև, որ կողմերը համաձայնության են եկել, որ բանկերի վերակապիտալիզացիայի և պարտքային պարտավորությունների վերաֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը չպետք է գերազանցի €10 մլրդ-ը:

Մյուս կողմից՝ ֆինանսական աջակցության ծրագիրը, ինչը բանակցությունների հանգուցային կետն է, չի կարող վերջնականապես հաստատվել, քանի դեռ չեն ավարտվել կիպրական բանկերի ակտիվների ստուգումները ամերիկյան ներդրումային PIMCO և միջազգային Deloitte ընկերությունների կողմից: Ակնակալվում է, որ ստուգումների նախնական արդյունքները պատրաստ կլինեն դեկտեմբերի սկզբին, որից հետո կսկսվի բանակցությունների վերջնական փուլը: Փորձագետների գնահատմամբ՝ Կիպրոսին հատկացվելիք ֆինանսական աջակցությունը կարող է կազմել €11-16 մլրդ:

Նոյեմբերի 17-ին միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը Կիպրոսի վարկային վարկանիշը դրել է վերանայման՝ հնարավոր իջեցմամբ: Գործակալությունն իր որոշումը պայմանվորել է Նիկոսիայի և միջազգային դոնորների միջև բանակցությունների դանդաղ ընթացքով: Բացի այդ՝ առկա են մտավախություններ, որ Կիպրոսի բյուջեի պակասուրդը զգալիորեն կգերազանցի ավելի վաղ արված կանխատեսումները:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Moody’s-ը Կիպրսի վարկանիշն արդեն իջեցրել է երեք աստիճանով՝ Ba3-ից B3՝ բացասական կանխատեսմամբ: Այդ որոշման հիմնական պատճառը երկրի բանկային ոլորտում առկա խնդիրներն էին, որը, իր հերթին, պայմանավորված էր Հունաստանում տնտեսական իրադրության վատթարացմամբ:

Կիպրոսի և «եռյակի» միջև բանակցությունները սկսվել են այս տարվա ամռանը:

Մեկնաբանել